Բաժիններ՝

RTR-ը ներողություն է խնդրել Հայաստանը և Նիդեռլանդները «Եվրատեսիլում» ներկայացնող երգիչներից

Երգչուհի Անաստասիա Ստոցկայան, ով հեռացվել է «Եվրատեսիլ» երգի մրցույթի ռուսական ժյուրիի կազմից, հայտնել է, թե ուրախ է, որ իր պատճառով չի տուժել մրցույթում Ռուսաստանը ներկայացնող Սերգեյ Լազարևը, հայտնում է RIA Novosti-ն:

Ավելի վաղ Եվրոպական հեռարձակող միությունը (EBU) հայտնել էր Facebook-ի իր պաշտոնական էջում, որ «Եվրատեսիլի» կազմակերպիչները փորձագիտական գնահատական են տվել ռուսական ժյուրիի անդամի տեսագրությանը, որն արվել էր մրցույթի առաջին կիսաեզրափակչի գլխավոր փորձի ժամանակ, ինչի հետևանքով էլ Ստոցկայան հեռացվել է ժյուրիի կազմից:

«Ես շատ էի անհանգստանում Սերյոժայի համար, որ նրան կարող են որակազրկել իմ հիմարության պատճառով ու հիմա հանգիստ շունչ քաշեցի և ուրախ եմ, որ նրան պատժամիջոցները չեն դիպչի: Խոսքն իմ մասին չէ, այլ Սերյոժայի, ով ներկայացնում է Ռուսաստանը»,-ասել է Ստոցկայան:

Մրցույթի կազմակերպիչների բանակցությունների արդյունքում ռուսական RTR հեռարձակող ընկերությունը հանդես է եկել նախաձեռնությամբ՝ երգչուհուն հեռացնել ժյուրիի կազմից: ժյուրիի կազմում ընդգրկված մյուս անդամներին՝ Գենադի Գլադկովին, Դենիս Մայդանովին, Օսկար Կուչերային և Օլիմպիադա Տետերիչին այդ միջոցառումները չեն առնչվի:

RTR-ը ներողություն է խնդրել Հայաստանի և Նիդեռլանդների մասնակիցներից: Հենց այս երգիչների ելույթներն էր Ստոցկայան մեկնաբանել Periscope-ի տեսանյութում: Հոլանդացի երգիչ Դաուե Բոբի ելույթը նա անվանել էր «լավիկը», իսկ Հայաստանը ներկայացնող երգչուհի Իվետա Մուկուչյանի ելույթի մասին արտահայտվել էր հետևյալ կերպ. «Իմ ամուսինը հայ է, ես հայերի կողմից եմ»:

Հիշեցնենք, որ «Եվրատեսիլի» առաջին կիսաեզրափակիչը տեղի է ունեցել երեկ՝ Ստոկհոլմում, երկրորդ կիսաեզրափակիչը տեղի կունենա մայիսի 12-ին, եզրափակիչը՝ մայիսի 14-ին:

Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանը իր LoveWave երգով անցել է կիսաեզրափակիչ փուլ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս