Բաքվի հերթական սադրանքը. Ադրբեջանը Հայաստանին մեղադրում է միջազգային կոնվենցիաներով արգելված սպիտակ ֆոսֆորով արկ կիրառելու մեջ

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ մտադրություն ունի դիմել Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա դեսպանությունների ռազմական կցորդներին, որպեսզի վերջիններիս ծանոթացնի իբր ադրբեջանական գյուղերից մեկում հայտնաբերված սպիտակ ֆոսֆորով արկի հետ:

Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Հիքմեթ Գաջիևին:

Վերջինս հայտարարել է, թե իբր Տարածքների ականազերծման ադրբեջանական ազգային գործակալությունը (ANAMA) նախօրեին տեղեկացրել է, որ հայկական կողմը ղարաբաղյան շփման գծում՝ Թարթառի (Տերտեր) ուղղությամբ կիրառել է միջազգային կոնվենցիաներով արգելված քիմիական բաղադրությամբ (սպիտակ ֆոսֆոր) արկ:
«Ադրբեջանի ԱԳՆ այդ մասին տեղյակ կպահի Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա դեսպանությունների ռազմական կցորդներին»,- հայտարարել էր Գաջիևը:

Նշենք, որ ՀՀ պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում «անբարեկիրթ մոլորություն» է որակել Ադրբեջանի կողմից Հայաստանին ուղղված մեղադրանքները սպիտակ ֆոսֆոր օգտագործելու մասին:

«Մի քանի խոսք սպիտակ ֆոսֆորի մասին. Ադրբեջանը անբարեկիրթ մոլորության մեջ է: Բայց մեզ հասկանալի է այդպիսի պահվածքը: Ճիշտ է ասված. «У страха глаза велики: чего нет, и то видят» («Վախը մեծ աչքեր ունի. տեսնում է նաև այն, ինչը չկա»)»,- ասվում է Արծրուն Հովհաննիսյանի գրառման մեջ:

Տեսանյութեր

Լրահոս