Հովիկ Աբրահամյանը՝ ՀՀ-ում ՌԴ դեսպանի հայտարարության և օֆշորում ՀՀ քաղաքացիների անուններով գրանցված կազմակերպությունների մասին
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր լրագրողների հետ զրույցում, խոսելով ԼՂՀ կատարած իր այցի մասին, որտեղ նա հանդիպումներ է ունեցել ԼՂՀ նախագահի, կառավարության անդամների հետ, եղել առաջնագծում, ասաց. «Կարող եմ ասել, որ սկսած մեր զինվորներից, սպաներից, գեներալներից, քաղաքական գործիչներից, ԼՂՀ պատգամավորներից, բոլորի մոտ շատ հստակ, բարձր վստահություն կար մեր ապագա հաղթանակների համար: Դա մեզ ոգևորեց»։
Նա նշեց, որ քննարկել ենք նաև տնտեսական խնդիրներ եւ բոլոր հարցերի շուրջ ձեռք են բերել պայմանավորվածություններ։ «Ինչ վերաբերում է ԼՂ-ի ճանաչման հարցին՝ ՀՀ նախագահը շատ հստակ իր դիրքորոշումը հայտնել է, և եթե շարունակվի այդ ոտնձգություները և պատերազմը, մենք ստիպված կլինենք գնալ այդ քայլին: Առայժմ դրա անհրաժեշտությունը չկա»,- ասաց Հովիկ Աբրահամյանը և անդրադառնալով ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի միջև փոխօգնության պայմանագրին, նշեց, որ այն նախապատրաստական փուլում է:
Հարցին՝ թուրքական ապրանքների ներմուծման սահմանափակման վերաբերյալ ինչպիսին է կառավարության դիրքորոշումը, Հովիկ Աբրահամյանը պատասխանեց. «Մենք որևէ նման խնդիր չենք դրել: Մենք ուղղակի հետևողական ենք սննդի, նման ապրանքների առկայությանը սահմանի վրա, պատկան մարմինները ստուգում են որակը և այլն»:
Պատասխանելով ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինի հայտարարության վերաբերյալ հարցին, Հովիկ Աբրահամյանն ասաց. «Բայց ինքը հարց է տվել փաստաթղթերի հետ կապված, ես ինչ արձագանքեմ: Մեր նպատակը, մեր ցանկությունը որպես ռազմավարական գործընկեր մի քանի հարթակներից հայտնել ենք, և չի փոխվել մեր դիրքորոշումը: Ուղղակի մենք հիմա զբաղված ենք երկու կարևոր գործով՝ տնտեսության զարգացմամբ, որից պետք է ածանցվի մեր ապագա հաջողությունները, դրանով ենք զբաղված և որոշ քայլեր ենք ձեռնարկում, որ վաղը կառավարության նիստից առաջ ես հանդես կգամ հայտարարությամբ»:
Հովիկ Աբրահամյանը անպատասխան թողեց պանամական օֆշորում ՀՀ քաղաքացիների անուններով գրանցված կազմակերպությունների վերաբերյալ հարցը: