«Շուշիով սկսված ազատագրման գործընթացը վերսկսելու պահն է»
«Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում» հասարակական կազմակերպությունը հայտարարություն է տարածել, որում ասված է.
«Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում» հասարակական կազմակերպությունը Շուշիի ազատագրման 24-ամյա տարեդարձի առթիվ շնորհավորում է համայն հայությանն ու Հայկական բանակին:
Շուշիի ազատագրումը վերջին հարյուրամյակների մեր պատմության շրջադարձային կետն է:
Շուշիի ազատագրմամբ մեկնարկեց Ցեղասպանության հետևանքների հաղթահարման, Հայրենիքի վերատիրացման և հայկական պետականահենք գործոնի կայացման գործընթացը:
Այդ գործընթացը, որի առաջին փուլը պետք է ավարտվեր Արաքս-Կուրյան տարածքի վրա իրապես ինքնիշխան Հայկական պետության ձևավորմամբ, մեր ներքին արատների ու սխալների պատճառով կորցրեց իր սկզբնական էներգիան ու թափը, ընդմիջվեց կորուստներով և, ի վերջո՝ կասեցվեց 1994 թ. մայիսի 12-ի՝ հայության շահերին հակասող հրադադարով:
Շուշիի ոգուն հարազատ չմնալու պատճառով մեր ներքին արատները տարեցտարի շատանալով ու խորանալով համակարգային բնույթ ստացան և ներսից քայքայեցին մեր ուժերը, մինչդեռ հակառակորդը ժամանակն օգտագործեց արդյունավետ կերպով, վերականգնեց ու բազմապատկեց իր ուժերը և մեզ համար վերստին ստեղծեց գոյութենական սպառնալիք:
Շուշիի ոգին ուրանալու և նրա դասերը մոռանալու հետևաքները չուշացան: Հակառակորդն արդեն երկրորդ տարին է, ինչ մեզ պարտադրել է աճողական ալիքներով ընթացքող սողացող և հյուծիչ պատերազմ, որի վերջին ու աննախադեպ ալիքը մեզ հարվածեց այս տարվա ապրիլի սկզբին՝ պատճառելով մարդկային և տարածքային կորուստներ:
Պատերազմի սթափեցնող հարվածներն արթնացրեցին Շուշիին հավատարիմ մնացած ժողովրդին, սակայն ուրացած և արատների ծովի մեջ մոլորված վերնախավն այդպես էլ չի կարողանում գտնել ազգային նպատակների նավահանգիստը և ափ դուրս գալ:
Ստեղծված իրավիճակում միակ ելքը Ազգ-բանակի վերածվելն է՝ զուգահեռաբար համազգային ինքնակազմակերպվելու և ներքին արատները հաղթահարելու միջոցով: Այս գործընթացը պետք է մեկնարկի օրերի ընթացքում և նշանավորվի ներսում ժողովրդի վստահությունը վայելող կառավարության ձևավորմամբ, իսկ արտաքին ճակատում՝ հակառակորդին ջախջախիչ հարված հասցնելով և ծնկի բերելով:
Ապրիլյան պատերազմական դրվագները ցույց տվեցին, որ ժողովուրդը և բանակն ունակ են և պատրաստ են ազգային կամք թելադրելու թե՛ ներսում և թե՛ դրսում:
Շուշիի ազատագրական ոգուն հավատարիմ մնացած մեր ժողովրդին ու Հայկական բանակին կոչ ենք անում պահպանել հաղթանակի տրամադրվածությունը և առանց վարանելու բոլոր ուժերը ներդնել ներքին ինքնամաքրման և թշնամուն ծնկի բերելու նպատակների համար»:
«Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում» ՀԿ վարչություն