Արցախում մեծ շուքով նշում են մայիսյան Եռատոնը
Մայիսյան Եռատոնին նվիրված` տոնական միջոցառումներն Արցախում մեկնարկել են վաղ առավոտից:
Մայրաքաղաքում առաջինը տոնի մասին ազդարարել են ՊԲ զինվորներն, ովքեր հանդիսավոր տողանով անցել են Ստեփանակերտի տարբեր փողոցներով, որին, ավանդույթի համաձայն, հաջորդել է մարդկանց հոսքը դեպի Ստեփանակերտի հուշահամալիր, որտեղ ծաղիկներ և ծաղկեպսակներ են դրվել Հաղթանակը խորհրդանշող հուշաքարի պատվանդանին:
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ, նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ հայկական երկու պետությունների բարձագույն ղեկավարությունը ծաղիկներ և ծաղկեպսակներ են խոնարհել քաղաքային հուշահամալիրում և հարևանությամբ գտնվող արցախյան ազատամարտում զոհված ազատամարտիկների շիրիմներին: Տեղի է ունեցել ՊԲ պատվո պահակախմբի հանդիսավոր քայլերթը:
Այնուհետև հայկական երկու հանրապետությունների բարձաստիճան ղեկավարությունը այցելել է բերդաքաղաք Շուշի և ծաղիկներ դրել «Տանկ» հուշահամալիրի և սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանին: Շուշիի արվեստի կենտրոնում նրանք մասնակցել է անվանի լուսանկարիչ Մարտին Շահբազյանի «Ղարաբաղի վերածնունդը» ֆոտոցուցահանդեսին և «Արցախ-Վերածնունդ» գրքի շնորհանդեսին, ապա այցելել են Շուշի-Լոս Անջելես բարեկամության պուրակ, որտեղ կազմակերպվել է ցուցահանդես-տոնավաճառ:
Հայկական աշխարհիկ այրերը բերդաքաղաքի Ամենափրկիչ՝ Ղազանչեցոց եկեղեցում մասնակցել են Արցախի հոգևոր թեմի առաջնորդ Պարգև Սրբազանի ձեռամբ մատուցված Եռատոնին նվիրված ծիսակատարությանը:
ՀՀ պատվիրակությունը գլխավորում է նախօրեին Արցախ ժամանած ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Եռատոնի առթիվ Արցախում են նաև բազմաթիվ սփյուռքահայեր և հյուրեր արտերկրից: