Բաժիններ՝

«Մխիթարյանը մահացու է իր շարժունակությամբ, տեմպով ու խաղադաշտը տեսնելու բացառիկ կարողությամբ». WorldSoccerTalk

Հանրահայտ WorldSoccerTalk պարբերականը անդրադարձել է Հայաստանի ազգային հավաքականի ավագ, Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին: Խոսելով առաջիկա տրանսֆերային պատուհանի մասին՝ կայքը գրում է, որ Թուրինի «Յուվենթուսն» ու Լոնդոնի «Արսենալը» պետք է իրենց ձեռքից բաց չթողնեն հնարավորությունը ձեռք բերելու տաղանդավոր ֆուտբոլիստին, ով հիմա խաղում է գերմոտիվացված ու ունի փայլուն ապագա:

Կայքը գրում է, որ Մխիթարյանը չի զիջում իր թիմակիցներ Մարկո Ռոյսին ու Պիեր-Էմերիկ Օբամեյանգին: Ավելին, շատ հարցերում անգամ առավելություն ունի նրանց նկատմամբ: Համոզվելու համար միայն պետք է նայել այն ցուցանիշներին, որ գրանցել է Մխիթարյանը ընթացիկ մրցաշրջանում՝ 50 խաղ, 23 գոլ և 32 գոլային փոխանցում:

Կայքը պատմել է իր ընթերցողներին Մխիթարյանի դորտմունդյան պատմությունը: Մխիթարյանը դարձավ դորտմունդցիների ամենաթանկ ձեռքբերումը: Եթե առաջին տարում Մխիթարյանը այնքան էլ չէր արդարացնում իր դիմաց վճարված գումարը, ապա հաջորդ երկու մրցաշրջանները Մխիթարյանի համար շատ լավն էին: Հատկապես այս մրցաշրջանը, երբ Մխիթարյանը իր ետևից տանում է ողջ թիմը:

Հիմա արդեն հայ կիսապաշտպանի խաղը գրավել է եվրոպական այլ գրանդների: «Արսենալն» ու «Յուվենթուսը» անում են ամեն բան Մխիթարյանին իրենց ակումբ տանելու համար:

Ըստ կայքի, Մխիթարյանի՝ Գերմանիայից հեռանալը անխուսափելի է: Դորտմունդցիները կամ այս մրցաշրջանում կվաճառեն Մխիթարյանին և կվերադարձնեն իրենց գումարը, կամ մյուս տարի ֆուտբոլիստը ինքնակամ կհեռանա:

Կայքի վերլուծաբանների կարծիքով Մխիթարյանը պետք է տեղափոխվի Անգլիա.

«Մխիթարյանը մահացու է իր շարժունակությամբ, տեմպով ու խաղադաշտը տեսնելու բացառիկ կարողությամբ: Այս խաղով նա կօգնի նաև Օքսլեյդ-Չեմբերլեյնի ու Թեո Ուոլքոթի խաղին»:

Կայքը գրում է նաև, որ անկախ այն բանից, թե որ ակումբ կգնա Մխիթարյանը՝ դորտմունդցիների համար չափազանց բարդ է լինելու:

Քիչ է հավանական, սակայն, եթե Մխիթարյանը ընտրի «Արսենալը», ապա անգլիական ակումբը պետք է երկու ձեռքերը առաջ պարզած դիմավորի Մխիթարյանին:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս