«Շուն թուրքը, կարծես մոռացած, թե ինչպես էր 1994-ի մայիսին հրադադար մուրում…». Մանվել Գրիգորյանի ուղերձը՝ առաջնագծից

Շնորհավորանք Երկրապահի օրվա կապակցությամբ

Շնորհավորում եմ մեր ազգին Երկրապահ կամավորականի օրվա եւ մայիսյան բոլոր տոների կապակցությամբ: Մայիսի 8-9-ին մեր ժողովուրդը միանգամից չորս տոն է նշում, ինչպես նաև եկեղեցական տոն՝ Քրիստոսի 2-րդ մուտքը Երուսաղեմ: Այս երկու օրվա ընթացքում մենք տոնում ենք ֆաշիզմի նկատմամբ մարդկության տարած հաղթանակի օրը, տոնում ենք Շուշիի ազատագրման օրը, Արցախի ինքնապաշտպանության բանակի հիմնադրման օրը: Իսկ քառատոնը նշել սկսում ենք Երկրապահ կամավորականի օրով: Սա ամեն մի հայի տոնն է:

Սա Վազգեն Սպարապետի եւ մեր նահատակ ընկերների տոնն է, սա Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի հայության տոնն է: Սա Գրետա մայրիկի, հերոսներ ծնած մեր հերոս մայրերի տոնն է, սա երիտասարդ, պատանի սերունդների, անգամ` նորածինների տոնն է: Սա սահմանին կանգնած հայ զինվորի տոնն է, հայոց բանակի տոնն է` շարքայինի եւ սպայի, նախարարի եւ գերագույն գլխավոր հրամանատարի: Տոնդ շնորհավո´ր, հայ ժողովուրդ:

Հանգամանքների բերումով` տոնական այս օրվա ուղերձը տարածում եմ առաջնագծից:

Կարդացեք նաև

Շուն թուրքը, կարծես մոռացած, թե ինչպես էր 1994-ի մայիսին հրադադար մուրում, այս տարվա ապրիլի առաջին օրվանից լայնամասշտաբ հարձակման անցավ Արցախի սահմանների ողջ երկայնքով: Եռասերունդ երկրապահը, բնականաբար, չէր կարող անտարբեր մնալ: Մի քանի ժամում մենք մոբիլիզացվեցինք, հայտնվեցինք առաջնագծում:

Այսօր Արցախի մարտական հենակետերում են հազարավոր երկրապահ կամավորականներ, տասնյակհազարավորներն էլ` ցուցակագրված սպասում են իրենց հերթին: Երկրապահն առաջնագծում մնալու է այնքան, որքան կպահանջվի, չենք իջնելու խրամատից, քանի դեռ վերջնականապես չենք լռեցրել ազերիներին: Երկրապահը միշտ եղել է ու կմնա Արցախի հետ, դիրքապահ հայ զինվորի ու հրամանատարի հետ, հայոց բանակի հետ:

Մենք հպարտանում ենք 1996-98 թվականներին ծնված հերոս տղաներով, որ հստակ պաշտպանում են հայրենյաց սահմանների անառիկությունը: Վստահեցնում եմ աշխարհասփյուռ երկրապահ հայ ազգին, որ հայոց բանակի, երկրապահ կամավորականների ջանքերով, ՀՀ եւ Արցախի նախագահների գերագույն հրամանատարությամբ խաղաղության հաղթական մեծ պայմանագիր ենք պարտադրելու Իլհամ Ալիեւին: Սա ես հավաստիացնում եմ այս պահին առաջնագծում կանգնած հազարավոր երկրապահ կամավորականների անունից, հայոց բանակի փառապանծ մարտիկների անունից, Արցախի հերոսական ժողովրդի անունից: Մենք վճռական ենք ավարտել դարերով կիսատ մնացած գործը: Ավարտենք, հասնենք հաղթական խաղաղության, որ մեր սերունդներն արդեն խաղաղ պայմաններում ապրեն:
Այս տոնական օրը ես կամենում եմ զեկուցել Սպարապետ Վազգեն Սարգսյանին եւ մեր նահատակ ընկերներին, թե ընդհանո´ւր առմամբ իրենց պատգամները հարգելու, իրենց ժառանգությանը տեր կանգնելու ուղղությամբ ինչ քայլեր ենք կատարել վերջին տարիներին: 2000 թվականից Երկրապահի օրն ընդգրկվել է ազգային տոնացույցում, սա պետականորեն նշվող տոն է: Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն Մայր տաճարում, նաեւ` բոլոր առաջնորդանիստ եկեղեցիներում նշվում է Երկրապահ կամավորականի օրը` հնչում են զանգերն ու մատուցվում է սուրբ պատարագ: Ես հպարտ եմ զեկուցել, այսպիսով, որ Երկրապահ կամավորականի օրը ճանաչվել է պետականորեն եւ ստացել մայր եկեղեցու օրհնությունը:

Շարունակելով երկրապահ կամավորականի ճանաչման թեման` նշեմ, որ 2013 թվականին պաշտոնապես ընդունվեց «Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» օրենքը: Այս կերպ պետական ճանաչում ստացավ երկրապահ կամավորականությունը: Սա լուրջ բարոյական նշանակություն ունի մեր պետության համար: Ես հատուկ պետք է ընդգծեմ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի դերն այս օրենքի ընդունման հարցում:

Հարկ եմ համարում հիշեցնել բոլորին, որ Երկրապահը եղել է բանակի հիմքն ու հիմնաքարը: Երկրապահը չի դադարել բանակի հիմնական հենարանն ու կադրային բանկը լինել: Առաջնագծում կանգնելուց զատ` մեր պարտքն ենք համարում բանակին հայեցի դաստիարակված, բանիմաց կադրերի մատակարարումը: Այդ նպատակով գործում են «Երիտասարդ երկրապահ» եւ «Պատանի երկրապահ» կառույցները: Մեր այս կառույցներով անցած տղաները բանակի լավագույն զինվորներն են դառնում, միշտ բանակից շնորհակալագրեր են ստացվում այս տղաների համար: Այսօր մեր բոլոր բաժանմունքներում, նաեւ` Արցախում կան պատանի երկրապահական կառույցները: Այս կառույցի սաների ընդհանուր թիվն անցնում է 20 000-ից:

Այս առումով եւս պետության հետ գործակցելու լայն դաշտ կա: Այս մասով եւս զեկուցեմ, որ դարձյալ Հանրապետության նախագահի միջամտությամբ պաշտպանության եւ կրթության նախարարությունների հետ հուշագիր ստորագրեցինք, եւ այսօր արդեն երկրապահի պատանեկան կառույցները գործում են Հանրապետության բոլոր դպրոցներում։ Հպարտությամբ զեկուցեմ, որ գործընկեր հաստատությունների հետ՝ կրթության, պաշտպանության, արտակարգ իրավիճակների, սոցիալական հարցերի, առողջապահության, սփյուռքի, արդարադատության նախարարություններ, ոստիկանություն, տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններ, Փաստաբանների պալատ, հայ առաքելական եկեղեցու սպասավորներ, կազմակերպում եւ անցկացնում ենք հրամանատարասերժանտական դասընթացներ, ինչի շնորհիվ մեր պատանի երկրապահները բազմակողմանի զարգացած ՀՀ լիարժեք քաղաքացի են դառնում:

Այսուհետ մեր պատանիները պետության հոգածության ներքո են` առավել պրոֆեսիոնալ հիմքերի վրա ենք դրել պատանիների ուսուցումն ու դաստիարակությունը: Մենք պետք է այնպիսի սերունդ կրթենք, որ Բաքվում տաքուկ, փափուկ աշխատասենյակներում նստած չինովնիկները մեր երիտասարդներին, պատանիներին տեսնելով` սարսափեն: Պատանիները մեր վաղվա օրն են, մեր ապագան: Պատանի եւ երիտասարդ սերունդը վաղվա բարեկեցիկ Հայաստանն ու ամուր պաշտպանված Արցախն են:
Հարգարժա՛ն երկրապահ հայ ժողովուրդ, մեր սերունդն ունեցել է լրջագույն ձեռքբերումներ, հաղթանակներ: Վազգեն Սպարապետի առաջնորդությամբ, Եռաբլուրում ամփոփված քաջերի, այսօրվա հերոս տղաների ու մեր ժողովրդի, նաեւ` կենդանի հերոսների ջանքերով կայացրել ենք Հայաստանի անկախությունը, հայրենի տարածքներ ենք ազատագրել, Արցախի անկախ Հանրապետություն ենք կայացրել: Այդ բոլոր հաղթանակները երկրապահ հայ ժողովրդինն են: Ուրեմն, մեկ անգամ եւս շնորհավո՛ր տոնդ երկրապահ, շնորհավո՛ր տոնդ աշխարհասփյուռ հայ ժողովուրդ:

ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, Զորավար Մանվել Գրիգորյան

 

Տեսանյութեր

Լրահոս