«Ռուսաստանը ճոճանակի օրենքով մեծացնում է ղարաբաղյան հակամարտության թափը». Ենոքյան

«Հայաստանի դեմ այլ հարձակումներն անխուսափելի են լինելու»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Աղասի Ենոքյանը՝ անդրադառնալով Արցախի ճանաչման օրինագծի վերաբերյալ ռուսական արձագանքներին:

Նա նշեց, որ ռուսական մամուլի ու պաշտոնյաների արձագանքը պարզապես ցույց է տալիս, որ Հայաստանը հրաժարվեց այս օրինագծից Ռուսաստանի ճնշմամբ: «Սա խոսում է այն մասին, որ երևի թե Պեսկովը ճիշտ էր, երբ ասում էր, թե Հայաստանը չէր համաձայնեցրել այս խնդիրը Ռուսաստանի հետ: Սա վտանգավոր է, քանի որ Հայաստանն իր բոլոր քայլերը համաձայնեցնում է Ռուսաստանի հետ, և ներկայումս տեսնելով, որ Մոսկվան իր խոստումները չի կատարում, որոշեց մեկ քայլ չհամաձայնեցնել Մոսկվայի հետ, ինչը չհաջողվեց: Բոլոր վերջին քայլերը, հարցազրույցներն ու դիտարկումները մեծամասամբ համաձայնեցված են եղել Մոսկվայի հետ»,- նման կարծիք հայտնեց Աղասի Ենոքյանը: Նրա համոզմամբ՝ Ռուսաստանը ցանկանում է ճոճանակի օրենքով մեծացնել երկու երկրների միջև հակամարտության թափը:

«Ստացվում է, որ առաջին ադրբեջանական հարձակմամբ նա չկարողացավ իր խնդիրը լուծել և ներկայումս փորձում է մեծացնել երկու երկրների միջև հակասությունների թափը մինչև այնպիսի լարվածության, որի դեպքում առանց Ռուսաստանի այլևս անհնար կլինի խաղաղություն հաստատել»,- ասաց Ենոքյանը: Նրա համոզմամբ, հայկական կողմի ներկայացրած երեք պայմանները ևս նշանակում են՝ ծառայել ռուսական շահերին, որովհետև ՌԴ-ն առաջին պատերազմով տեսավ, որ կողմերը կարողացան իրենք իրենց սեփական միջոցներով ընտրել՝ պատերազմը չշարունակել, ուստի անհրաժեշտ է հակամարտության խորացում, անհրաժեշտ է պատերազմի ալիքի մեծացում, երբ այլևս հնարավոր չի լինի սեփական միջոցներով խաղաղության հասնել: «Բանակցային գործընթացի հնարավոր չի լինի վերադառնալ կողմերի դիրքորոշումների պատճառով, հիմա անհրաժեշտ է ակտիվացնել այլ միջնորդներին, թեկուզ՝ ՄԽ-ից դուրս, քանի որ տեսնում ենք, որ Ռուսաստանը խաղաղ լուծում չի ցանկանում, և լինելու են նոր հարձակումներ, քանի որ կողմերը չեն լուծել քաղաքական խնդիրը, պատերազմն ավելի սրեց խնդրի լուծված չլինելու զգացումը: Ավելին, այս հարձակմամբ Ադրբեջանը չհասավ շռնդալից հաղթանակի, Հայաստանն էլ չկարողացավ ապացուցել, որ վստահորեն տիրապետում է իրավիճակին: Կարծում եմ, որ նոր հարձակումն անխուսափելի է լինելու»,- ասաց Ենոքյանը:

Նյութն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվա համարում:

Կարդացեք նաև

 

Տեսանյութեր

Լրահոս