Sotheby’s-ի աճուրդում կդրվի պատմության մեջ մեծությամբ երկրորդ ալմաստը
Թենիսի գնդակի չափի ալմաստը, որը պատմության մեջ երկրորդն է իր մեծությամբ, կդրվի Sotheby’s-ի աճուրդում, տեղեկացնում է Associated Press-ը:
Աճուրդի տանն ակնկալում են դրա դիմաց ավելի քան 70 մլն դոլար ստանալ սակարկություններում, որոնք նշանակված են հունիսի 29-ին:
«Լեսեդի լա Ռոնա» ալմաստը 2015 թվականին արդյունահանվել է Բոտսվանայում կանադական Lucara Diamond Corporation ալմաստարդյունահանող ընկերության կողմից: Գտածոյի մեծությունը կազմում էր 1109 կարատ, ինչը «Մեր լույս»-ին (հենց այսպես է թարգմանվում քարի անվանումը տսվանա լեզվից) մեծությամբ երկրորդն է դարձնում պատմության մեջ:
Այն զիջում է միայն նշանավոր «Կուլինանին», որը գտնվել էր 1905 թվականին եւ կազմում էր 3106,75 կարատ: Ալմաստը հետագայում բաժանել են ինը մասի, որոնք օգտագործվել են զարդերի, այդ թվում՝ թագավորական իշխանության տարբեր խորհրդանշանների մեջ, որոնք պատկանում են անգլիացի միապետներին:
Առայժմ ամենաթանկ ադամանդը, որը վաճառվել է աճուրդում, մնում է «Երկնագույն լուսինը». այն 2015 թվականի վերջին աճուրդում վաճառվել է 48,5 մլն դոլարով, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: