Բաժիններ՝

Շվեդիայի «Սուրբ Հովհաննեսի անվան կամերային երգչախումբը» համերգներ կունենա Երևանում

Կոմիտասի թանգարան-ինստիտուտում այսօր տեղի ունեցավ Շվեդիայի «Սուրբ Հովհաննեսի անվան կամերային երգչախմբի» գլխավոր փորձը, որին նախորդող մի քանի րոպեների ընթացքում երգչախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Կարին Օլդգրինը ճեպազրույց ունեցավ լրագրողների հետ՝ նշելով, որ շատ ուրախ է առաջին անգամ գտնվել Հայաստանում. «Մենք հպարտ ենք Հայաստանում՝ հայ հանդիսատեսին ներկայացնելու սկանդինավյան ժամանակակից երաժշտությունը, և ոչ միայն՝ սկանդինավյան, այլև՝ եվրոպական: Հայկական «Սպեղանի» երգչախմբի հետ միասին մենք կներկայացնենք նաև մեծագույն կոմպոզիտոր Կոմիտասի ստեղծագործություններից մի քանիսը»:

Կարին Օլդգրինը լրագրողներին հայտնեց, որ Հայաստան ժամանելու կարևորագույն նպատակներից մեկն էլ հայկական մշակույթն ավելի մոտիկից ճանաչելու ցանկությունն էր. «Երկար տարիներ մեր նվագախմբի սկզբունքների մեջ է մտնում այցելել հատկապես այնպիսի երկրներ, որոնք ունեն հարուստ մշակութային և երաժշտական ավանդույթներ, որոնք մեզ հետաքրքիր կլինեն, որտեղ նաև երաժշտական համագործակցության նորանոր հեռանկարներ կարող ենք ունենալ: Այս առումով մենք Հայատանի մասին վաղուց գիտեինք և ուրախ ենք այսօր համատեղ համերգներով հանդես գալ այս գեղեցիկ երկրում»:

«Սպեղանի» երգչախմբի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Սարինա Ավթանդիլյանը լրագրողներին տեղեկացրեց, որ Շվեդիայի «Սուրբ Հովհաննեսի անվան կամերային երգչախմբի» անդամներն արդեն հասցրել են լինել Մատենադարանում, առաջիկայում նախատեսվում է այցելություն Էջմիածին և Գեղարդավանք:

Տեղեկացնենք, որ «Սուրբ Հովհաննեսի անվան կամերային երգչախմբի» և «Սպեղանի» երգչախմբի համատեղ համերգները նվիրված են «Սպեղանի» երգչախմբի 20-ամյակին: Համերգային ծրագիրում կհնչեն Կոմիտասի և հայ ժամանակակից կոմպոզիտորներ Երվանդ Երկանյանի և Ջեննի Ասատրյանի խմբերգերը: Առաջին անգամ կկատարվի Ջեննի Ասատրյանի՝ Կոմիտասի բանաստեղծությունների հիման վրա գրված հինգ խմբերգ:

Երգչախմբի կատարմամբ կհնչի Երվանդ Երկանյանի «Սիրիուս» ստեղծագործությունը, որը յուրահատուկ տեղ է զբաղեցնում երգչախմբի կենսագրության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս