Բաժիններ՝

Մեկնարկում են վրաց-ամերիկյան Noble Partner զորավարժությունները. ամերիկյան Abrams տանկերն արդեն Վրաստանում են

Ամերիկյան ծանր տեխնիկան, որը պետք է մասնակցի Noble Partner 2016 («Արժանի գործընկեր») վրաց-ամերիկյան համատեղ զորավարժություններին, արդեն գտնվում է Վրաստանում, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:

Վրաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ M1A2 Abrams տանկերը և հետևակի մարտական M2 Bradley մեքենաները ուղևորվում են Վազիանիի զորավարժարան: Ռազմական տեխնիկան բեռնվել է Բուլղարիայում ու լաստանավով տեղափոխվել Վրաստան:

Վրաց-ամերիկյան զորավարժությունները Վրաստանում երկրորդ անգամ են անցկացվում: Դրանց նպատակն է բարձրացնել վրացական ստորաբաժանումների պատրաստվածության մակարդակը ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերի (NRF) հետ համագործակցության ժամանակ:

Զորավարժություններին մասնակցում է 1300 զինծառայող, այդ թվում՝ 650 զինծառայող ԱՄՆ եվրոպական հրամանատարությունից, 500 վրացի և 150 բրիտանացի զինծառայող:

Վրաստանի ԶՈւ պատմության մեջ առաջին անգամ կօգտագործվեն M1A2 Abrams տանկեր: Զորավարժություններին կմասնակցեն նաև ամերիկյան C-130 ռազմական ինքնաթիռներ և այլ տեխնիկա:

Զորավարժությունները պաշտոնապես կմեկնարկեն մայիսի 11-ին, կավարտվեն՝ մայիսի 26-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս