«Էրդողանն իր կողքին չի կարող հանդուրժել սեփական հեղինակությունը թուլացնող որևէ մեկին». Ռուբեն Սաֆրաստյան

Ի դեմս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի, գործ ունենք բռնապետի հետ: Էրդողանը չի հանդուրժի որևէ մեկին, ում ազդեցությունից կթուլանա նրա հեղինակությունը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանն ` ադրադառնալով Էրդողան-Դավութօղլու լարված հարաբերություններին:

«Այդ լարվածության նախանշաններն արդեն մի քանի օր առաջ ի հայտ եկան: Չնայած Դավութօղլուն «Արդարություն և զարգացում» կուսակցության ղեկավարն է, փաստորեն նրա ձեռքից վերցեցին տեղական կազմակերպությունների ղեկավարներին նշանակելու լիազորությունները: Նրա հրաժարականը նշանակում է, որ Թուրքիայում հերթական մեծ տրամաչափի գործիչը, Դավութօղլուի դեպքում՝ Թուրքիայի արտաքին քաղաքականության գաղափարախոսը, արժանանում է Էրդողանի ցասումին, նախանձին: Նույն բանը տեսանք Գյուլի հետ կապված: Սա մեկ անգամ ևս հաստատում է այն, որ Էրդողանն իր կողքը չ ի կարողանում հանդուրժել մեկին, ով կթուլացնի իր հեղինակությունը»,-ասաց Ռուբեն Սաֆրաստյանն` ընդգծելով, որ Դավութօղլուի հեղինակությունը վերջին շրջանում բավական բարձրացել է: Թուրքագետը դա կապում է միգրանտների հարցում Եվրոպայի հետ ունեցած գործարքի հետ:

«Նրա հեղինակությունը Եվրոպայում բարձրացավ, Անգելա Մերկելը, մասնավորապես, գովաբանում էր Դավութօղլուին: Հավանական է, որ դա իր դերը խաղաց: Մենք մեկ անգամ ևս տեսնում ենք, որ Թուրքիան ղեկավարվում է մեկ անհատի կողմից: Դա ավտորիտար կառավարում է: Ըստ էության` նա դիկտատոր է: Թուրքիան գնում է այդ ճանապարհով»,-ասաց Ռուբեն Սաֆրաստյանը:

Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք սա կարող է նպաստել իշխող ուժի մասնատմանը կամ խնդիրների սրմանը, Ռուբեն Սաֆրաստյանը քիչ հավանական համարեց: Նա նշեց, որ Դավութօղլուն Էրդողանի դրածոն էր:

Տեսանյութեր

Լրահոս