«Մոտեցա հրամանատարին, որ ասեմ` վիրավոր եմ, հենց այդ պահին աչքիս առաջ հրամանատարիս խփեցին»
Ես ու լուսանկարիչը նորից տեսակցության ենք գնացել թիվ 5 հիվանդասենյակի հերոսներին: Հրայր Խաչատրյանը պատմում է, իսկ ես մտածում եմ` ռեժիսոր լինեի, ֆիլմ նկարեի: Էնքան գունեղ է պատմում, ասես՝ կադր առ կադր պատկերում է աչքերիդ առաջ:
– Ամսի 1-ի գիշերն սկսվեց: Տեսասարքի էկրանին դեպի մեր դիրքերը շարժվող մարդիկ երևացին, 7-8 հոգի: Դասակի հրամանատարը զեկուցեց գումարտակի հրամանատարին: Գումարտակի հրամանատարը կրակելու հրաման տվեց: Դիրքավորվեցինք, սկսեցինք կրակել: Դիվերսանտ հատուկջոկատայինները անակնկալի եկան: Հաստատ մտքներին դրել էին աննկատ մոտենալ դիրքերին ու դիմավորողների չէին սպասում: Չեմ կարող ասել՝ մարտը ինչքան տևեց: Երբ ազերիներն սկսեցինք փախչել, տեսանք, որ 3 դիակ են թողել մարտադաշտում:
… Որոշ ժամանակ հանգիստ էր: Հետո գյուղից կրակոցի ձայներ լսվեցին: Քիչ անց ականանետների կրակը ուղղվեց դեպի մեզ: Բլինդաժի պատը փլվեց, կապը խափանվեց, ու հակառակորդի ուղղաթիռները հայտնվեցին մեր գլխավերևում: Հասկանում էինք, որ պիտի մինչև վերջ դիմադրեինք` հույսը մեր ուժերի վրա դրած: Երբ կրակը մի քանի վայրկյան դադարեց, վազեցինք դեպի գետնափոր թաքստոցը:
Առանց վիրավորվելու տեղ հասանք: Բայց երբ դիտարկում արեցինք, տեսանք, որ իսկական կռիվը նոր է սկսվում. մոտ 40 հոգանոց ջոկատը գալիս էր ուղիղ մեզ վրա: Իսկ մենք 9 հոգով էինք:
Չեմ կարծում, թե զինվորականներ էին, որովհետև, ինչ ասես` չէին հագել, նույնիսկ հայկական բանակի համազգեստ նկատեցինք, մազոտ երեսներով, հնամաշ շորերով տարիքն առած մարդիկ էին, իսկ մենք` 8 զինվոր և մեկ դասակի հրամանատար` սպա:
Երբ փորձում էի դուրս գալ խրամատից, երեք հակառակորդ ուղիղ դիմացս հայտնվեցին: Ինձ տեսան, իրենց նետեցին մոտակա խրամաբջիջը: Նման առիթը ո՞վ ձեռքից բաց կթողներ` փոքրիկ խրամաբջիջ ու երեք զինվոր, նռնակը նետեցի, երեքը միասին պայթեցին: Բայց նրանցից մեկը հասցրեց մի «նվեր» էլ ինձ ուղարկել: Նռնակն ընկավ ոտքերիս մոտ, ոտքով հրեցի, ու երբ տրաքեց, միայն ոտքս վնասեց: Չգիտեմ` մարտը ինչքան տևեց: Վերջին ուժերով նռնակ էի նետում: Հետո թևիս ցավը սկսեց ուժեղանալ, հասկացա, որ թևս էլ է վիրավոր: Մոտեցա հրամանատարին, որ ասեմ` վիրավոր եմ, հենց այդ պահին աչքիս առաջ հրամանատարիս խփեցին: Նայեցի շուրջս, մյուսները չկային:
«Տա՛ր ինձ հրամանատարական դիտակետ»,- ասաց հրամանատարս:
Չհասցրի պատասխանել. չէր շնչում: Արդեն կրակոցի ձայները հեռվից էին լսվում: Այլևս չէի կարողանում քայլել: Գլորվելով իջա ձորը: Ու սկսեցի սողալ առաջ: Հրամանատարական դիտակետ չհասած` մի զինվորի ու սպայի հանդիպեցի: Զինվորն ինձ օգնեց, մոտ 3 կմ անցանք միասին: Հետո… աղոտ եմ հիշում` շտապ օգնության մեքենան, բժիշկները…
…Երեք տղամարդ ու մի կին սևեռուն լսում են մեր զրույցը: Կնոջ աչքերը թաց են, չէի նկատել` լալիս է:
– Մա՛մ, դու դուրս արի պալատից,- ասում է տղաներից մեկը:
Ու կինը գնում է:
– Մամաս է …եղբայրներս,- ծանոթացնում է Հրայրը:
Հետո շշուկով ասում` մի քանի օրում մայրս ծերացավ, լրիվ սպիտակեց: Եղբայրներս մի բուռ դարձան:
Ես նայում եմ «մի բուռ դարձած» տղաներին, հետո՝ Հրայրին:
-Ինչ մի բուռ, աժդահա են,- ասում եմ: Հրայրը բարձրաձայն ծիծաղում է:
-5-6 օր անգիտակից եմ եղել: Մերոնք շատ էին վախեցել:
-Վիճակը ծայրահեղ ծանր էր,- պատմում է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վնասվածքաբանության բաժանմունքի պետ Լևոն Ժամագործյանը: -Ուղեղի այտուցի կասկածով դեղորայքային սեդացիա արեցինք: 5 օր պայքարել ենք նրա կյանքի համար: Հիմա, ինչպես տեսնում եք, շատ լավ է, շուտով կուղարկենք բուժական արձակուրդի:
Հրայրը ասես չի լսում բժշկին:
-Տղաները դիրքերը ետ են վերցրել,- ասում է:
-Գիտեմ:
-Երբ լսում էի Արցախյան պատերազմում կռված ֆիդայիների մասին, հաճախ ինքս ինձ հարց էի տալիս` կկարողանա՞մ կյանքս տալ հայրենի հողի համար… Ես հիմա գիտեմ, թե դա ինչ է: Տանը նստած՝ դու չես հասկանա, որովհետև` չգիտես:
-Ի՞նչ չգիտես…
Հրայրը լռում է` հայացքը մի կետի հառած ու ճիգ է անում բացատրել:
-Երբ դու սահմանին ես, ու թշնամին զենքով մտնում է քո տունը… հողդ պահելու, դիրքդ չհանձնելու համար պատրաստ ես մեկը չէ, տասը կյանք զոհել:
Գայանե ՊՈՂՈՍՅԱՆ
hayzinvor.am