Բաժիններ՝

Happy Birthday, Ռադիկ Մարտիրոսյան! Կամ ինչպես ՀՀ ԳԱԱ նախագահը դարձավ 80 տարեկան

Այսօր ՀՀ ԳԱԱ նախագահությունում մեկնարկեց «Միկրոալիքային և ՏՀԾ-ային տեխնոլոգիաներ, հեռահաղորդակցություն և ֆոտոնիկա» միջազգային գիտաժողովը՝ նվիրված ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանի 80-ամյա հոբելյանին: Գիտաժողովին մասնակցելու համար Հայաստան են ժամանել գիտնականներ՝ ԱՄՆ-ից, Ռուսաստանի Դաշնությունից, Մեծ Բրիտանիայից, Ճապոնիայից, Կորեայից, Ֆինլանդիայից, Իտալիայից, Գերմանիայից:

Նախատեսվում է, որ գիտաժողովի ընթացքում կներկայացվեն 39 զեկույցներ և 12 գիտական հաղորդագրություններ, ինչպես արտերկրից ժամանած գիտնականների, այնպես նաև Հայաստանի գիտական կառույցների և բուհերի կողմից: Այս մասին ասված էր պաշտոնական հաղորդագրության մեջ:

Միջազգային գիտաժողովը՝ նվիրված ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանի 80-ամյա տարելիցին, որքան էլ զարմանալի էր, բացվեց Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի կողմից՝ Տերունական աղոթքով: Գիտաժողովի բացմանը ներկա էին և ելույթներով հանդես եկան ՀՀ Կառավարության անդամներ, ՀՀ Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, բուհերի ռեկտորներ, գիտական հանրության ներկայացուցիչներ:

Միջազգային գիտաժողովի բացմանը Ռադիկ Մարտիրոսյանի ծննդյան 80-ամյա հոբելյանի կապակցությամբ հնչեց Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը, որում մասնավորապես ասվում էր. «Մեծ է Ձեր ավանդը Հայաստանում ռադիոֆիզիկայի զարգացման ասպարեզում: Բարձր գնահատականի է արժանի Ձեր երկարամյա գիտական ու մանկավարժական գործունեությունը: Տարիներ շարունակ ղեկավարելով Երևանի պետական համալսարանը, այնուհետև՝ Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիան՝ Ձեր նշանակալի նպաստն եք բերում մեր երկրում կրթության և գիտության կազմակերպման կարևորագույն գործում: Մաղթում եմ Ձեզ առողջություն, անսպառ ուժ ու եռանդ և հաջողություններ Ձեր հայրենանվեր գործունեության մեջ»:

Կարդացեք նաև

Հայաստանյան բուհերի ղեկավար մարմինների կողմից իրար հաջորդող երկարաշունչ ՝ անձնական, գործնական և այլ տեսակի շնորհավորական (շատ հաճախ՝ քծնանքով լի) ելույթներից հետո, որի ընթացքում ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանին էին հանձնվում ծննդյան առիթով պատրաստված տարատեսակ նվերներ՝ Ոսկե մեդալից՝ մինչև կանացի փակ պայուսակով իրեր, տոնական տրամադրությունը շարունակվեց շքեղ հյուրասիրության սեղանների շուրջ՝ միաժամանակ ՀՀ ԳԱԱ նախագահության միջանցքում ու կառույցի ղեկավարի առանձնասենյակում: Առնվազն զարմանք կարող էր հարուցել մեր երկրի համար դժվարին պատերազմական այս օրերին Գիտությունների ազգային ակադեմիայի կողմից թույլ տված նմանօրինակ շռայլությունը, որ հիշեցնում էր հայտնի գրողի հայտնի ողբերգությունը՝ «ПИР ВО ВРЕМЯ ЧУМЫ».

'Microwave and THTS-class technology, telecommunications and Photonics' international conference, dedicated to the 80th anniversary of Radik Martirosyan took place at the RA NAS

Իրավամբ մեծ է ու անչափելի ակադեմիկոս Մարտիրոսյանի՝ երկրի գիտության և կրթության ոլորտներում ունեցած ներդրումը, ինչի համար նա արժանացել է մի շարք պարգևների՝ «Սուրբ Մեսրոպ Մաշտոց», «Հոկտեմբերյան հեղափոխության», «Պատվո նշան» շքանշանների, ինչպես նաև՝ Խորհրդային Միության, Հայաստանի, Ֆրանսիայի, Իտալիայի կառավարական բարձր պարգևների… Այս տարիների ընթացքում, պարզվում է, ակադեմիկոս Մարտիրոսյանը ներկայացել է ավելի քան 200 գիտական աշխատանքներով, Շվեդիայում և ԱՄՆ-ում հրատարակված 2 մենագրություններով:

Եվ, այսքանով հանդերձ, ամենաքիչն անհամեմատելի կարելի է որակել ղարաբաղաադրբեջանական հակամարտ ուժերի շփման գծում՝ Ռադիկ Մարտիրոսյանի ծննդավայրում՝ Մատաղիսում և շրջակա տարածքներում վերջին ամիսների լարված իրավիճակի և քառօրյա պատերազմի ֆոնին՝ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահի՝ անվանի ակադեմիկոսի ու մտավորականի քար լռությունն ու նմանօրինակ ծննդյան տոնի կոնֆերանս-ցերեկույթը: Գուցե ամենալավ առիթը չէր Ռադիկ Մարտիրոսյանի հետ զրուցելու տարիներ շարունակ խոր լռության մեջ թաղված գիտական բացակա մտքի ու դրա արդյունքում երկրի համար օրհասական այս օրերին գիտական ոլորտի ու պատերազմի խզված կապի մասին՝ քննարկելու, վերլուծելու, թե հակառակորդն ի՞նչ բարձր տեխնոլոգիական գործիքներ է կիրառում մեր դեմ ելած այս պատերազմում, և հակազդեցության ի՞նչ հնարավորություններ կարող էր տալ հայկական գիտական միտքը, եթե Գիտության ազգային ակադեմիայում գիտնականները ծննդյան սեղան բացելու փոխարեն՝ գիտությամբ զբաղվեին:

Այնուամենայնիվ, հանրապետության գիտական հասարակությունը և ողջ մտավորականությունը սրտանց շնորհավորում են Ռադիկ Մարտիրոսյանին՝ ծննդյան ուրախ առիթով, մաղթելով նրան ու նրա ընտանիքի անդամներին երկար տարիների առողջ կյանք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս