Ֆրանսիացին գործատուի դեմ հայց է հարուցել ձանձրալի աշխատանքի համար
Փարիզի բնակիչ, 44-ամյա ֆրանսիացի Ֆրեդերիկ Դեզնարդը դատի է տվել նախկին գործատուին եւ բարոյական վնասի համար 360 հազար եվրոյի չափով փոխհատուցում է պահանջում ձանձրալի աշխատանքի համար, տեղեկացնում է Telegraph-ը:
«Ես հայտնվեցի դեպրեսիայի վիճակում, ամաչում էի, որ ինձ վճարում են, իսկ ես ոչինչ չեմ անում»,- հայտարարել է ֆրանսիացին:
Հրատարակության տվյալներով՝ տղամարդն աշխատել է Interparfum օծանելիքի հեղինակավոր ընկերությունում:
Դեզնարդն ասել է, որ Interparfum-ի ղեկավարությունն իրեն զրկել է իրական կառավարման դերից եւ չորս տարի շարունակ պարտադրել է կատարել տաղտկալի ու միապաղաղ առաջադրանքներ, որոնց պատճառով ինքն այժմ տառապում է առողջության հետ կապված մի ամբողջ շարք խնդիրներից: «Էպիլեպսիա, խոցեր, քնի եւ լուրջ ընկճախտի հետ կապված խնդիրներ»,- թվարկել է նա:
Իր աշխատանքային գործունեությունը Դեզնարդը որակել է «դավադիր անկում դժոխք» եւ գործատուից պահանջել է փոխհատուցում վճարել պատճառված վնասի եւ ծառայության մեջ առաջխաղացման բաց թողնված հնարավորությունների համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: