Բաժիններ՝

«Տիգրանի կատարած քայլը ցույց տվեց, թե ով է եղել ինքը». Նազիկ Ավդալյանը՝ Արցախում հերոսաբար զոհված գյումրեցի Տիգրան Աբգարյանի մասին

Արցախում հերոսաբար զոհված գյումրեցի Տիգրան Աբգարյանը, ով Ջեբրաիլի հատվածում միայնակ պայքար է մղել թշնամու 8 տանկերի դեմ՝ խոցելով 3-ը, և նահատակվել, շատ էր հպարտանում գյումրեցի ծանրորդուհի Նազիկ Ավդալյանի հաղթանակներով: Այս մասին 168.am-ին տեղեկացրել էր հերոսի հայրը՝ Արամ Աբգարյանը: «Նազիկի եղբայրն իր մտերիմ ընկերն էր, ու բոլոր մրցումներին նրանց տուն էր գնում, որ նայեր: Հետո Նազիկի հաղթանակներից ոգևորված՝ վերադառնում էր»,- ասել էր նա:

168.am-ը զրուցեց օրեր առաջ ծանրամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն դարձած Նազիկ Ավդալյանի հետ՝ հասկանալու համար՝ հիշո՞ւմ է Տիգրանին, ի՞նչ կարող է պատմել նրա մասին.

«Տիգրանին շատ լավ չեմ հիշում, այն ժամանակ փոքր էր, որ նկարներին էլ նայեցի՝ դժվարությամբ ճանաչեցի. այնքան էր մեծացել, փոխվել: Տիգրանի կատարած քայլը ցույց տվեց, թե ով է եղել ինքը»:

Նազիկը խոստովանում է՝ չգիտեր, որ Տիգրանը շատ է սիրել իրեն ու հպարտացել իր յուրաքանչյուր հաղթանակով: Նա նշեց, որ Տիգրանի զոհվելուց հետո եղբայրը մի քանի օր չէր համակերպվում այն մտքի հետ, որ այլևս չի տեսնելու ընկերոջը. «Չէր հավատում, անսպասելի էր շատ: Ամուսինս միշտ ասում է՝ նման տղերքին չեն ասում՝ «Ողորմի հոգուն», նման տղերքին ասում են՝ «Հավերժ փառք»: Փառք Տիգրանին ու մյուս մեր տղերքին»:

Կարդացեք նաև

Նազիկ Ավդալյանը Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճելուց հետո ողջունել էր Հայ ազգին և իր հաղթանակը նվիրել Ղարաբաղում կռվող բոլոր տղաներին:
«Նրանց հերոսության շնորհիվ է, որ մենք կանք, ու նրանց արածի դիմաց՝ մեր արածը ոչինչ է: Շատ քիչ բան է, որ մենք կարող ենք անել մեր տղերքի համար: Եթե մեր կարիքը զգացվեր, անպայման կգնայինք ու ֆիզիկապես էլ իրենց կողքին կլինեինք: Ում ճանաչում եմ՝ բոլորն աղոթում են մեր հերոսների համար, անփորձանք, հաղթանակած վերադարձ եմ մաղթում»,- ասում է ծանրորդուհին:

Վերջում հավելեց. «Տիգրանի մասին քիչ խոսեցի, որովհետև խոսքերով չեմ կարող արտահայտել իմ ցավը, իմ զգացմունքները: Շատ մեծ ցավ էր բոլորի մասին լսելը, հատկապես՝ Տիգրանի, քանի որ ճանաչում էի»:

Նշենք, որ Նազիկ Ավդալյանի չեմպիոն ամուսինը՝ Էրիկ Կարապետյանը, այսօր նորից մեկնել է Արցախ: Նա Արցախում էր եղել նաև այն օրերին, երբ Նազիկը Նորվեգիայում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում դարձավ չեմպիոն՝ 69 կգ քաշային կարգում երկամարտում գրանցելով 237 կգ արդյունք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս