«Հիմա որ դու գաս իմ տեղը նստես, ի՞նչ ես անելու, Մադրիդյան սկզբունքնե՞րն ես փոխելու, դե արի փոխի…». Հերմինե Նաղդալյան

ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԵԽ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը վերջերս իր արած հայտարարությունը  դավաճանություն չի համարում: Այսօր Ազգային ժողովում մի քանի լրագրողների հետ զրույցի ժամանակ Հ. Նաղդալյանը կրկին միացրեց այն տեսագրությունը, որում արված իր հայտարարությունը վերջին օրերի քննարկումների հիմնական թեմաներից էր:

Հիշեցնենք, որ Հ. Նաղդալյանն օրերս հայտարարությամբ հանդես եկավ, որը բուռն քննարկումների և քննադատությունների առիթ է հանդիսացել, հատկապես այն բանից հետո, երբ ադրբեջանական մամուլը սկսել էր նրա այդ հայտարարությունն օգտագործել՝ որպես հակահայկական քարոզչություն: «Երբ կընդունվի կարգավիճակի մասին որոշում, և աշխարհը կընդունի Ղարաբաղի անկախությունը, մենք ձեր հողերը, կամ էն հողերը, որոնց վրա մենք այսօր այդ իրավունքը չունենք, մենք այդ հողերը չենք ուզում, սա մեր բուֆերային գոտին է և մեր անվտանգության երաշխիքն է»,- ասել էր ԱԺ փոխնախագահը՝ նշելով, որ «մեր փոխզիջումը ոչ թե 5 «գրավյալ» տարածքներն են, այլ Մադրիդյան սկզբունքների ամբողջական համալիրը»: Նրա այս հայտարարությունը հասարակության և քաղաքական շրջանակներում լուրջ բողոքի ալիք բարձրացրեց, այն աստիճան, որ բազմաթիվ քաղաքացիներ սոցիալական ցանցերում ակցիա նախաձեռնեցին՝ պահանջելով Նաղդալյանի հրաժարականը:

«Դուք այստեղ որտե՞ղ տեսաք այն հանցագործությունը կամ այն հիմքերը, որ պետք է հրաժարական տալ պետական բարձր պաշտոնից»,- հայտարարեց Հ. Նաղդալյանը:
168.am-ի հարցին՝ ըստ Ձեզ՝ ի՞նչն է պատճառը, որ նման բուռն քննադատությունների և քննարկումների արժանացավ Ձեր հայտարարությունը՝ հաշվի առնելով, որ անգամ Ձեր խմբակցության որոշ անդամներ են այն ժամանակավրեպ համարում, Հ. Նաղդալյանն այսպես արձագանքեց. «Մեր խմբակցության անդամները նույնպես ձեզ նման չեն լսել, չեն տեսել, ու պետք է բոլորի համար կազմակերպեմ երևի, որ գան սկզբից մինչև վերջ նայեն ու տեսնեն ու իմանան, որ որևէ հանցավոր կամ հանցագործ քայլ այստեղ չկա կատարված, և մեր նպատակը, մեր խնդիրը ԼՂՀ-ի անկախության միջազգային ճանաչումն է: Սասունցի Դավի՞թն եք, ա՛յ դաշնակ Դավիթ, մի Թուր Կեծակիդ հանի, գլուխները կտրելով՝ Կիրովաբադ, Քյուրդամիր սրբելով տար՝ լից սաղ Կասպից ծովը, հարցն էլ լուծենք-պրծնենք»:

Լրագրողի դիտարկմանը, թե խնդրահարույց է այն դրվագը, որ Դուք ասել եք՝ մեզ պետք չեն ուրիշի հողերը, Հ. Նաղդալյանն այսպես պատասխանեց.
«Մադրիդյան սկզբունքներն էլ կողքի դնենք, այսօրվա իրավիճակն էլ, հենց հիմա դուրս գամ, ասեմ՝ էրեխեք ջան, լավ ջահելներ եք, էն ժամանակ, որ պատերազմ ա եղել, փոքր եք եղել, չեք մասնակցել, հիմա լավ ժամանակն է ձեր իսկական պատերազմին մասնակցելու, եկեք հավաքվենք, ես էլ ձեզ՝ առաջնորդ, ճամփեքն էլ լավ գիտեմ, փորձն էլ ունեմ, գնում ենք Բաքվով, Կիրովաբադով՝ սրբելով գալիս ենք… Հիմա որ այս կոչերով հանդես գամ, կդառնամ հայրենասե՞ր: Զանգում, ասում է՝ տիկին Նաղդալյան, հրաժարական տալո՞ւ եք, ասենք, որ տալու եմ, օրինակ, որ դու գաս իմ տեղը նստես, ի՞նչ լավ, հիմա դու ես ԱԺ փոխնախագահը, ի՞նչ ես անելու, Մադրիդյան սկզբունքնե՞րն ես փոխելու, դե արի փոխի»:

Կարդացեք նաև

Հ. Նաղդալյանը չի հասկանում, թե ինչո՞ւ են իրեն թիրախավորել. «Ճիշտն ու սուտը սաղ խառնել են իրար՝ մի բանի համար, որ ինձ թշնամի կամ հակառակորդ սարքեք, ո՞րն է ձեր նպատակը, ասեք՝ հասկանանք»:
Մեր հարցին՝ Դուք չգիտե՞ք, Հ. Նաղդալյանը պատասխանեց, որ հիմա չի կարող այդ հարցին պատասխանել, ինքն էլ շատ հարցերի պատասխաններ չունի:
«Էդ, որ համակարգչի դեմը գրում եք՝ «Ալիևը՝ սրիկա», «Էրդողանը՝ տականք», «այ, սենց բաներ կանեմ, էսա վիզներդ կկտրենք», բա այդ ինչո՞ւ եք սեղանների տակ մտած, գնացեք սահման, այնտեղ հիմա գործ կա անելու: Ես, օրինակ, այն մարդն եմ, որ Ալիևի հետ անձնական զրույցում իրեն ասել եմ այն բաները, որ յուրաքանչյուր հայ մարդ մտածում է, ոչ թե համակարգչի հետևը թաքնված բառեր եմ արտասանում»:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Տեսանյութեր

Լրահոս