Թուրքիայում PKKի ահաբեկիչներին աջակցող պատգամավորները կզրկվեն անձեռնմխելիությունից. Դավութօղլու
Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (խորհրդարանի) անդամները, որոնք կաջակցեն «Քրդական աշխատավորական» կուսակցության (PKK) ահաբեկիչներին, կզրկվեն պատգամավորական անձեռնմխելիությունից: Այս մասին, ինչպես տեղեկացնում է TRT Haber-ը, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն:
Նրա խոսքով՝ Թուրքիայի խորհրդարանում տեղ չկա նրանց համար, ովքեր քաղաքական աջակցություն են ցուցաբերում ահաբեկիչներին:
Նախօրեին Թուրքիայի խորհրդարանի սահմանադրական հանձնաժողովը որոշում էր կայացրել մի շարք պատգամավորների զրկել անձեռնմխելիությունից:
Այսուհետ մի շարք պատգամավորների՝ օրենքով երաշխավորված անձեռմխելիությունը, որն ամրագրված էր Թուրքիայի Սահմանադրության 83-րդ հոդվածով և արգելում էր խորհրդարանականներին «ձերբակալել, հարցաքննել կամ դատապարտել առանց խորհրդարանի որոշման», կորցրած է համարում իր ուժը:
Այդ որոշման օգտին քվեարկել են Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում», «Ժողովրդահանրապետական» և «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունների պատգամավորները, իսկ քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP) անդամները լքել էին նիստերի դահլիճը: