«Կա քողարկված ռուս-ամերիկյան մեծ համաձայնություն՝ Ղրիմ, Դոնեցկ, Արցախ և այլ հարցերում». Վիգեն Հակոբյան

«Եթե մինչև ապրիլի 2-ի պատերազմական գործողությունները համարում էին, որ ամեն ինչ որոշված էր, և իշխանությունը հանգիստ ուզում էր ձևավորել իր ապագա իշխանական կոալիցիան, ամեն ինչ թվում էր խաղաղ և գծագրված, կոնֆիգուրացիան իր ընթացքով էր ընթանալու, ապա որոշակի փոփոխությունների ենթարկվեցին ապրիլի 2-ից հետո»,- նման կարծիք այսօրվա ասուլիսին հայտնեց վերլուծաբան, քաղաքական տեխնոլոգ Վիգեն Հակոբյանը:

Նրա խոսքով՝ չպետք է մոռանալ, որ միակ իսկական իշխանափոխությունը եղել է արցախյան գործոնի ներքո, ու այժմյան իրավիճակն ինչ-որ չափով նման է դրան. «Նորից սեղանին դրված է հիմնական նախագիծ՝ Մադրիդյան սկզբունքներն ու Կազանյան փաստաթուղթը, որը շատ նման է այն ժամանակվա փաթեթային տարբերակին: Պատահական չէ այն, որ նորից ակտիվ խաղի մեջ է մտել Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Դա ինչ-որ չափով նույնիսկ մտահոգություն կարող է առաջացնել: Լևոն Տեր-Պետրոսյանը Ղարաբաղում է ու հանդիպում է այնտեղի ղեկավարության հետ, մնում է կռահել՝ ինչի շուրջ են այդ խոսակցությունները, որովհետև Լևոն Տեր-Պետրոսյանը հայտնի է լայն փոխզիջումների գնալու ունակությամբ, նույնիսկ այնպիսի փոխզիջման, որը ժամանակին պարտվողական էր կոչվում, ինչի արդյունքում եղավ 1998-ի պալատական իշխանափոխությունը: Այս առումով, կարծում եմ, որ հետագա ներքաղաքական զարգացումների վրա կարող է ազդեցություն թողնել ղարաբաղյան գործոնը»:

Վերլուծաբանի խոսքով՝ այս պահին Արցախի հիմնախնդրի հետ կապված բանակցությունները տապալվել են, սակայն, ըստ նրա՝ խնդիրն այն է, որ չկա նաև ռազմական լուծում, քանի որ գերտերությունները թույլ չեն տա, որ կողմերից մեկը կատարյալ պարտության մատնվի.

«Լայնամասշտաբ պատերազմի հնարավորությունը չի կարելի բացառել, սակայն մեծ փոփոխություններ այս պահին արտաքին աշխարհը թույլ չի տա, թեպետ, հնարավոր է, որ լինեն կիլոմետրերի փոփոխություններ: Աշխարհաքաղաքական կենտրոնը շահագրգիռ չէ, որ տարածաշրջանում գլոբալ փոփոխություն լինի: Կարծում եմ՝ այսօր կա քողարկված ռուս-ամերիկյան մեծ համաձայնություն՝ Ղրիմ, Դոնեցկ, Արցախ և այլ հարցերում: Այժմ մեզ բանակցելու համար նոր փաստաթուղթ է հարկավոր, սակայն, քանի իրավիճակը չի հանդարտվել, անիմաստ է խոսել բանակցությունների մասին»:

Կարդացեք նաև

Անդրադառնալով ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի` Արցախի որոշ տարածքներ հանձնելու մասին հայտարարությանը` քաղտեխնոլոգը չբացառեց, որ նման հայտարարություն եղել է հասարակության տրամադրությունը շոշափելու համար:

«Չեմ կարծում, որ Հերմինե Նաղդալյանն այդքան միամիտ է, քանի որ նա իշխանական ապարատի ներքին խմորումներում թրծված է: Նա հենց այնպես չէր մտի այդ խաղի մեջ, և հնարավոր է` որոշվել է, որ նման արտահայտություն անի, որ ցույց տան, թե հասարակությունը որքան դեմ է տարածքներ զիջելու գաղափարին»:

Տեսանյութեր

Լրահոս