Իշխանությունները փորձում են շեղել հանրության ուշադրությունը՝ չբարձրացնելով կարևոր հարցը
Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի կարծիքով՝ քառօրյա պատերազմից դասեր չքաղեցին ո՛չ իշխանությունը, ո՛չ հասարակությունը, ինչը ցույց տվեց Հրազդանի ընտրությունները: Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նա նշեց, որ հասարակությունն ունի այնքան ուժ, որ իշխանությանն ասի՝ ոչ, բայց չունի այնքան ուժ, որ այդ դե ֆակտո «ոչ»-ը դարձնի դե յուրե: Նրա խոսքով՝ դա հաջորդ տարվա ընտրություններում իր ազդեցությունն ունենալու է. «Արտագաղթն ավելի է ուժեղացել այս կռվից հետո, որովհետև մարդիկ տեսան զոհված երեխաներ, իսկ շատերն ունեն այդ տարիքի երեխաներ ու մտածում են, որ ավելի լավ է իրենց երեխան դրսում լինի, քան զոհված հերոս լինի»:
Նա կարծում է, որ Արևմուտքն ու ՌԴ-ն փորձելու են ակտիվ ներազդել հայաստանյան ընտրությունների վրա. «Թեև հայ հասարակությունը գունավոր հեղափոխությունների սովոր չէ, միևնույն է, եթե լինեն արդար ընտրություններ, մենք կունենանք իշխանափոխություն, իսկ ՌԴ-ում անգամ արդար ընտրությունների դեպքում կհաղթի «Единая Россия»-ն: Այսօր նաև իշխանությունները փորձում են շեղել հանրության ուշադրությունը, քանի որ չեն բարձրացնում հարցը, թե ինչու Ադրբեջանը հիմա սկսեց ռազմական գործողությունները, այլ սլաքը տանում են` ինչո՞ւ է ՌԴ-ն զենք վաճառում: Միամտություն կլինի մտածել, թե Ադրբեջանի ագրեսիան թույլատվություն չի ստացել միջազգային հանրության կողմից»:
Քաղտեխնոլոգը նկատեց. «Իրականում երկրում փոփոխություն կլինի Սերժ Սարգսյանի ցանկությամբ, իսկ նա այս պահին որևէ փոփոխության ցանկություն չունի: Սերժ Սարգսյանի մոտ փոփոխության ցանկության կառաջանա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրահանգով»: