Ինչ անել օձի խայթոցի դեպքում
Այս տարի, մինչև մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածում, գրանցվել է օձի խայթոցի 4 դեպք (նախորդ տարվա նույն ժամանակահատվածում` 2 դեպք):
Նշենք, որ ՀՀ առողջապահության նախարարության «թեժ գիծ» ծառայությունն օձի խայթոցի վերաբերյալ առաջին ահազանգը ստացել է ապրիլի 13-ին:
Այս տարվա դեպքերն արձանագրվել են Արարատի, Արմավիրի, Սյունիքի, Շիրակի մարզերում: Տուժածները դիմել են մարզային բժշկական կազմակերպություններ։ 3-ին ներարկվել է օձի հակաթույն, 1 դեպքում դրա կարիքը չի եղել:
Տեղեկացնում ենք, որ հանրապետության բոլոր բժշկական կենտրոններն ապահովված են հակաթույնով։ Բնակչության բոլոր խմբերի համար ներարկումն իրականացվում է անվճար հիմունքներով:
Եղանակի տաքացմանը զուգահեռ բարձրանում են օձեր հանդիպելու հավանականությունն ու վտանգը: Հայաստանում առավել հաճախ հանդիպող օձերի տեսակներից են իժը, վահանագլուխը և պղնձօձը:
Օձի խայթոցից խուսափելու համար անհրաժեշտ է հետևել որոշ կանոնների.
– այնպիսի վայրերում, որտեղ օձերի առկայության հավանակությունը մեծ է, պետք է հագնել երկարաճիտ կոշիկներ
– անհրաժեշտ է ձեռքին ունենալ երկար փայտ` քայլելիս տեսադաշտը թփերից ազատելու և բացելու համար
– հարձակման դիրք ընդունած օձ տեսնելու դեպքում պետք է կանգ առնել և դանդաղ, աննկատ ետ քաշվել:
Օձը խայթելու դեպքում տուժածին անհրաժեշտ է շտապ բուժօգնություն ցույց տալ: Առաջին հերթին անհրաժեշտ է խայթած վերջույթն ամուր կապել: Եթե ձեռքն է խայթել, այն պետք է անշարժացնել այնպես, որպեսզի քայլելիս չշարժվի: Եթե վնասվել է ոտքը, պետք է պատրաստել ինքնաշեն պատգարակ, որպեսզի ոտքը լինի բարձր դիրքում:
Խայթոցի շրջանը պետք է մշակել կալիումի պերմանգանատի լուծույթով, անհրաժեշտ է տուժածին հնարավորինս շատ ջուր տալ, լավ կլինի, եթե նա ընդունի նաև որևէ հակահիստամինային միջոց: Այնուհետև, տուժածին պետք է անհապաղ տեղափոխել մոտակա բժշկական կազմակերպություն` գնահատելու վիճակը, ցուցաբերելու մասնագիտացված բուժօգնություն, որտեղ և անհրաժեշտության դեպքում կներարկվի օձի հակաթույն:
Առաջին օգնության դեպքում հակացուցված է վերքից արյուն արտածծելը, խայթոցի տեղը այրելը կամ կտրվածքներ անելը: Կտրականապես արգելվում է ալկոհոլի օգտագործումը, քանի որ այն ուժեղացնում է օձի թույնի ներծծումը և դրա թունավոր ազդեցությունը: