«Չեմ կարծում, որ Նաղդալյանն ասել է մի բան, որն առաջին անգամ է ասվում». Շիրակ Թորոսյան
«Որպես հայ մարդ, որպես ՀՀ քաղաքացի՝ ես կատեգորիկ դեմ եմ անգամ մեկ թիզ տարածք վերադարձնելուն»,- 168.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Շիրակ Թորոսյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԵԽ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանն օրերս մի հայտարարությամբ հադես եկավ, որը բուռն քննարկումների և քննադատությունների առիթ է հանդիսացել, հատկապես այն բանից հետո, երբ ադրբեջանական մամուլը սկսել էր նրա այդ հայտարարությունն օգտագործել՝ որպես հակահայկական քարոզչություն: «Երբ կընդունվի կարգավիճակի մասին որոշում, և աշխարհը կընդունի Ղարաբաղի անկախությունը, մենք ձեր հողերը, կամ էն հողերը, որոնց վրա մենք այսօր այդ իրավունքը չունենք, մենք այդ հողերը չենք ուզում, սա մեր բուֆերային գոտին է և մեր անվտանգության երաշխիքն է»,- ասել էր ԱԺ փոխնախագահը՝ նշելով, որ «մեր փոխզիջումը ոչ թե 5 «գրավյալ» տարածքներն են, այլ Մադրիդյան սկզբունքների ամբողջական համալիրը»:
Շ. Թորոսյանը պարզաբանեց, որ Հ. Նաղդալյանի հայտարարությունը բխել է այն ընդհանուր տարածված կարծիքից, որ խնդրի լուծումը պետք է լինի փոխզիջումային տարբերակով, եթե հրապարակի վրա են դրված Մադրիդյան սկզբունքները, որոնցից բխում են նաև կազանյան առաջարկները. «Այս օրերին, հատկապես, երբ ընթանում են ռազմական գործողություններ, և մենք հակառակորդին պարտադրում ենք խաղաղություն, ուղղակի անհրաժեշտություն չկա այդ թեմաներով խոսել»:
Ինչպես հայտնի է, սոցիալական ցանցերում Հ. Նաղդալյանի հրաժարականի պահանջով ակցիաներ են իրականացվում:
Այդ կապակցությամբ ՀՀԿ խմբակցության պատգամավորն ասաց. «Քանի որ միջազգային հանրության պատկերացրած փոխզիջումները ենթադրում են նաև որոշակի տարածքների վերադարձ, և այդ շրջանակներում է Հերմինե Նաղդալյանի հայտարարությունը, ապա չեմ կարծում, որ դա հրաժարականի տեղիք պետք է տա, ուղղակի ժամանակավրեպ էր, օրվա հրամայականի հետ չհամապատասխանող: Միգուցե էմոցիոնալ շերտում առաջանում է հրաժարականի պահանջը, բայց սառը դատողության պարագայում՝ չեմ կարծում, որ Նաղդալյանն ասել է մի բան, որն առաջին անգամ է ասվում»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: