
Մենք պատերազմ չենք ցանկանում. Մենք ցանկանում ենք հակամարտությունը կարգավորել խաղաղ ճանապարհով. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Լեռնային Ղարաբաղի մերձակա ադրբեջանական բնակավայրեր այցի ժամանակ հայտարարել է, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները ճնշում են գործադրում Հայաստանի վրա՝ ստիպելով վերջինիս խաղաղություն պահպանել, տեղեկացնում է ադրբեջանական minval.az կայքը:
Ալիևը հայտարարել է, թե տարեսկզբից Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացում գրանցվում էր առաջընթաց:
Նա հայտարարել է, թե հայկական կողմի խնդրանքով է Ադրբեջանը համաձայնել դադարեցնել կրակը ապրիլի 5-ին:
«Մենք պատերազմ չենք ցանկանում: Մենք ցանկանում ենք հակամարտությունը կարգավորել խաղաղ ճանապարհով, սակայն իմաստ չկա բանակցություններ վարել բանակցությունների պատրանքի ստեղծման համար: Մենք այսօր էլ հետևում ենք այդ հրադադարին»,- հայտարարել է Ալիևը՝ դարձյալ հայկական կողմին մեղադրելով հրադադարի ռեժիմի խախտման մեջ: