«Չի կարելի վուլգարիզացնել հարցը». Արման Նավասարդյանը՝ Թուրքիայից Հայաստան ապրանքների ներմուծումն արգելելու մասին

Օրերս ՕԵԿ խմբակցության անդամ Լևոն Դոխոլյանն Ազգային ժողովում ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ առաջարկեց արգելել Թուրքիայից Հայաստան ներմուծել ապրանքներ, հանել Երևան-Ստամբուլ-Երևան չվերթը, արգելել հայ զբոսաշրջիկների մուտքը Թուրքիա: Նա իր առաջարկը հիմնավորում է Ադրբեջանին պատերազմի հրահրելու Թուրքիայի գործելակերպով, ինչպես նաև՝ հայ հասարակությանը սննդի միջոցով և այլ ձևերով սպառնացող վտանգով: Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն էլ պատասխանեց, որ այդ հարցն արդիական է դարձել հանրության շրջանում, կա վարչապետի հանձնարարականը, և Էկոնոմիկայի նախարարությունն իրականացնում է ուսումնասիրություններ:

Որոշ տնտեսագետների պնդմամբ՝ Թուրքիայից Հայաստան ապրանքների ներմուծումն արգելելը ոչ միայն դրական ազդեցություն չի ունենա մեր տնտեսության վրա, այլև իր մեջ շատ վտանգներ է պարունակում, ինչպես նաև նշում են, որ այն վնասը, որ դրա միջոցով հասցվելու է Թուրքիայի տնտեսությանը, չնչին է:

168.am-ի հետ զրույցում Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը, խոսելով այս մասին, ասաց, որ կա հարցի և՛ բարոյական, և՛ քաղաքական կողմը:

«Եթե ինձ հարցնեն, իհարկե, թուրքերի հետ պետք չէ ոչ մի բան ունենալ, բայց կան մասնագետներ, որ պնդում են, որ բավական լուրջ օգուտ է մեր տնտեսության համար, մասնավորապես՝ մանր և միջին բիզնեսի ներկայացուցիչների համար: Ես ինքս տնտեսագետ չլինելով՝ չեմ կարող ասել»,- նշեց Ա. Նավասարդյանը:

Ա. Նավասարդյանը կարծում է՝ կարելի է սեփական արտադրանքն ունենալ. «Շատ ներողություն, հնարավոր չէ՞ մեզ մոտ այդ զուգարանի թուղթն արտադրել, կամ հնարավոր չէ՞ այն մակարդակի ստանալ գյուղատնտեսական ապրանքներ, որ նախ՝ մեր արտագաղթը կանգնի, և երկրորդն էլ՝ աշխատատեղեր ստեղծեն: Երբ հիմա՝ այս քառօրյա պատերազմի ֆոնի վրա, ասում են, որ պետք է այս ամբողջը վերափոխվի, վերանայվի, պետք է լինի վերածնունդի նման մի բան, նման բաները նկատի ունեն, որ պետք է լինեն և՛ ռազմական հարցերում, և՛ դիվանագիտական խնդիրներում, և, ինչո՞ւ չէ, նաև առևտրի և արդյունաբերության մեջ: Ես ո՛չ ասում եմ՝ դրական է, ո՛չ բացասական, պետք է նայել խնդրի օգտակարությանը, եթե դա օգտակար է հային, մեր քաղաքացուն, գյուղացուն, կարելի է: Վերջին հաշվով, մենք պատերազմ չենք հայտարարում Թուրքիային»:

Ա. Նավասարդյանը հիմարություն է համարում այն պնդումը, որ հասարակությանը Թուրքիայից եկած սննդի միջոցով և այլ ձևերով փորձում են թունավորել. «Դե, թող ստուգեն, նոր թողնեն, այդ նույն ձևով կարող է Ամերիկայից գա: Չի կարելի վուլգարիզացնել հարցը, չի կարելի այդպես միամիտ և պարզունակ վերլուծություն անել»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս