«Իշխանությունները ձևավորվում են ընտրություններով, իսկ դրանց արանքում արված փորձերը բարոյական չեն». Արմեն Աշոտյան

Ապրիլյան պատերազմին Հայաստանի ներքին կյանքում ևս մեկ անգամ ընդգծվեց կազմակերպված պետություն ունենալու անհրաժեշտությունը։ Այս մասին այսօրվա ասուլիսին նշեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Նրա դիտարկմամբ՝ բացի իրական մարտահրավերներից, կա որոշակի տենդենց որոշ շրջանակներում՝ ստեղծել արհեստական օրակարգեր, որոնք, ըստ նրա՝ կապ չունեն պետության մարտունակության հետ. «Օրակարգեր, որոնք ավելի շատ այս հայրենասիրական ալիքը սանձելու և նեղ հատվածական շահերի համար օգտագործելու փորձ են: Խոսքը վերաբերում է վաղուց օրակարգում եղած հարցերը կյանքի կոչելուն, նաև՝ ներքաղաքական կյանքի մշտական հարցը բարձրացնելուն, թե ո՞վ է լինելու իշխանություն: Իշխանությունները ձևավորվում են ընտրություններով, իսկ դրանց արանքում արված փորձերը բարոյական չեն»:

Աշոտյանի խոսքով՝ քաղաքական դաշտը նախանախընտրական փուլում է: Ըստ նրա՝ Օսկանյանի «Համախմբում» կուսակցության ստեղծման փաստը վկայում է, որ նոր Սահմանադրությունը դառնում է քաղաքական իմաստով բացարձակ լեգիտիմ. «Այդ շրջանակներն էին, որ քննադատում էին կառավարման խորհրդարանական մոդելի ներդրումը, ինտենսիվ «Ոչ»-ի քարոզ էին անում: Փաստացի, կուսակցության ստեղծումն այդ շրջանակների կողմից ցույց է տալիս, որ իրենք նույնպես ընդունում են նոր խաղի կանոնը»:

Արմեն Աշոտյանի խոսքով՝ արտաքին քաղաքականությունում իշխանություններից կտրուկ փոփոխություններ պահանջելը քաղաքական կարճատեսություն է. «Հայաստանի արտաքին աշխարհում ունեցած դիրքն ամրապնդվեց պատերազմի շնորհիվ, մեր տղաների կյանքի գնով, և այդ դիրքը պետք է պահել՝ շարունակելով հասարակական-քաղաքական կոնսոլիդացման գործընթացը երկրի բարձագույն ռազմաքաղաքական ղեկավարի շուրջ: Սա չի նշանակում, որ ներքաղաքական պրոցեսները պետք է դադարեն, դառնան միապաղաղ ու միատեսակ»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս