
Ալիևն ու կինն այցելել են Ղարաբաղի հետ շփման գծին հարակից շրջաններ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և նրա կինը՝ Մեհրիբան Ալիևան, կիրակի օրը եղել են Ղարաբաղի հետ շփման գծում, տեղեկացնում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությանը: Ալիևն այցելել է Թարթառի, Բարդինի և Աղդամի շրջաններ:
«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ժամանել է Թարթառի շրջանի զորամաս: Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը գերագույն գլխավոր հրամանատարին զեկուցել է շփման գծում վերջին իրադրության մասին»,- ասված է հաղորդագրությունում:
Ալիևը հանդիպել է նաև զինծառայողների հետ: Ադրբեջանի նախագահը Մեհրիբան Ալիևայի հետ եղել է նաև Թարթառի Գափանլի գյուղում, որը ղարաբաղյան շփման գծից 200 մետր հեռավորության վրա է գտնվում, ինչպես նաև Աղդամի շրջանի Մահրիզլի գյուղում: Վերջիններս շփվել են տեղացիների հետ:
Իլհամ Ալիևը և նրա կինն այցելել են նաև Բարդինի հիվանդանոց: