
Ռուսաստանը դուրս է գրել Եթովպիայի 160 միլիոն դոլար պարտքը

Եթովպիան Ռուսաստանի հետ պայմանավորվել է 160 միլիոն դոլարի պարտքը դուրս գրելու վերաբերյալ, հաղորդում է Ինտերֆաքսը՝ հղում անելով Եթովպիայի արտաքին գործերի նախարար Թեդրոս Ադհանոմին:
«Այս շաբաթ Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ կայացած բանակցությունների արդյունքում սկզբունքային համաձայնություն է ձեռք բերվել` Եթովպիայի 160 միլիոն դոլար պարտքը դուրս գրելու վերաբերյալ: Մենք պայմանավորվել ենք, որ այդ միջոցները կօգտագործվեն «պարտքը` զարգացման դիմաց» ծրագրի շրջանակներում` Եթովպիայում ռուսական ընկերությունների մասնակցությամբ ներդրումային նախագծերը ֆինանսավորելու համար»,- հայտարարել է Ադհանոմը Ինտերֆաքսին տված հարցազրույցում:
Նրա խոսքերով, «ներկա պահին երկրում ամենամեծ ուշադրությունը հատկացվում է առևտրին և օտարերկրյա ներդրումներին, ինչպես նաև տեխնոլոգիաներին և որակյալ կադրերի պատրաստմանը»:
«Մենք ցանկանում ենք ընդլայնել Ռուսաստանի հետ առևտրատնտեսական կապերը և կենտրոնացած ենք այնպիսի պայմանագրերի ստորագրման վրա, որոնք կնպաստեն ներդրումների ընդլայնմանը»,- ասել է Եթովպիայի արտաքին գործերի նախարար Թեդրոս Ադհանոմը: