Բաժիններ՝

«Ես ընտրում եմ ռեժիսորներին, այլ ոչ թե՝ սցենարը». Ումա Թուրման

Էկրանի աստվածուհի` անվանված մեկ այլ հնդկական աստվածուհու պատվին, Տարանտինոյի մուսա, Chopard-ի ընկեր և մոլորակի ամենագեղեցիկ Հարսնացու Ումա Թուրմանը՝ ռեժիսորական ամբիցիաների և երջանիկ կյանքի կանոնների մասին:

– Ումա, արդեն որերորդ տարին է, լուրեր են պտտվում, որ Տարանտինոն պատրաստվում է նկարահանել «Սպանել Բիլին» ֆիլմի 3-րդ մասը: Եվ ահա, եկել է ճշմարտության պահը. այնուամենայնիվ լինելո՞ւ է դա, թե՞ ոչ:

– Քիչ հավանական է, որ լինի: Համենայն դեպս, դեռ ոչ մի նկարահանում չկա, իսկ թե ինչպես կդասավորվի հետագայում, կտեսնենք: Եթե անկեղծ, ես այնքան էլ չեմ անհանգստանում այդ կապակցությամբ. Հարսնացուի դերը վաղուց արդեն գլխավոր հաղթաթուղթը չէ իմ խաղաքարտերում: uma kill bill_640x420

– Ա՛յ քեզ հայտարարություն: Իսկ մեզ համար այդ կերպարը Ձեր այցեքարտի նման ինչ-որ բան է: Ասում ենք՝ «Ումա», մտածում ենք՝ «Հարսնացու»: Եվ, իհարկե, «Քրեական ընթերցվածքում» աստվածուհու նման պարող Միա Ուոլեսը: Իսկ հետո արդեն՝ մնացած բոլոր դերերը:

– Այսինքն՝ ինձ առաջվա նման նույնացնում են 10, նույնիսկ 20 տարվա վաղեմության մեկ զույգ դերերի հե՞տ (ծիծաղում է.- խմբ.): Ոչ, ես, իհարկե, չեմ վիճում, որ ամենագլխավորն ինձ համար Տարանտինոյի հետ աշխատանքն է, որ մեր ընկերությունը մի ամբողջ դարաշրջան է, որ նրա ֆիլմերը մաքսիմալ ազդեցություն են ունենում հանդիսատեսի վրա: Նույնիսկ հիմա հարցազրույցի ժամանակ բոլորը նրա մասին են հարցնում: Եվ, այնուամենայնիվ, ես պատրաստ չեմ լինել այն դերասանուհիներից մեկը, որոնց մասին ասում են. «Նա ի վիճակի չէ հաղթահարել իր ժանրի սահմանները»:

– Որոշ դերասանների համար հիշատակված սահմանների հաղթահարումը վերածվում է նոր մասնագիտության: Բեն Աֆլեքին արդեն վաղուց համարում են հեռանկարային ռեժիսոր, Անջելինա Ջոլին թողարկում է արդեն իր 4-րդ ֆիլմը, և այդպես շարունակ: Ի՞նչ կասեք այդ մասին. հնարավո՞ր է, որ Դուք էլ փորձեք ռեժիսորի աթոռը:

– Վաղուց եմ այդ մասին մտածում, բայց բանը ճշգրիտ պլանավորված գործողությունների դեռ չի հասնում, և ահա թե ինչու. իմ ձեռքում չի եղել սցենար, որը կցանկանայի անհապաղ նկարահանել: Հուսով եմ, մոտ ժամանակներս իրավիճակը կփոխվի: uma1_640x420

– Հարցազրույցից առաջ ես մտածեցի, որ Ձեր մասնակցությամբ ոչ մի վատ ֆիլմ չեմ տեսել: Դուք ընդհանրապես ձախողումներ ունեցե՞լ եք:

– Իհա՛րկե, ո՞ւմ հետ չի պատահում: Ուղղակի եկեք այդ մասին չխոսենք, չեմ ուզում հին վերքերը փորփրել:

– Ընդհանրապես ո՞ր պահին եք հասկանում, որ պետք է ստանձնել դերը:

– Առավել հաճախ, երբ պատասխանում եմ հեռախոսազանգին: Շատ դերասաններ, այդ թվում՝ ես, ընտրում են ռեժիսորին, այլ ոչ թե՝ սցենարը: Դերերը, իհարկե, նույնպես կարևոր են, բայց գլխավորը մարդն է, ում հետ կմտնես և՛ կրակի, և՛ ջրի մեջ, և՛ կսպանես Բիլին (ծիծաղում է.- խմբ.): Պատկերացրեք, որ Ձեզ առաջարկում են մարմնավորել հերոսուհու, ով արյունալի սպանդ է կազմակերպում: Ձեր արձագա՞նքը: Լավագույն դեպքում Դուք կասեք. «Դա ընդհանրապես ոչ մի բանի պետք չէ»: Բայց երբ իմանում եք, որ խոսքը Տարանտինոյի մասին է, պատմությունը լրիվ այլ երանգ է ձեռք բերում: uma tarantino_640x420

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս