Իսկ Իսրայելը անօդաչուներ կվաճառե՞ր Հիտլերին. Իսրայել Չարնիի անդրադարձը քառօրյա պատերազմին

Ենթադրենք սպանում էին ոչ թե հրեաների, այլ օրինակ «միայն» սլավոններին, գնչուներին կամ Եհովայի վկաներին, և ենթադրենք, որ Իսրայել պետությունն այդ ժամանակ արդեն գոյություն ուներ. կհամաձայնեի՞ք արդյոք այդ ժամանակ զենք վաճառել նացիստներին:

Նման հռետորական հարցադրմամբ է սկսել իր «Կվաճառե՞ր արդյոք Իսրայելը Հիտլերին օգտագործած անօդաչու» հոդվածը Երուսաղեմի Հոլոքոստի և ցեղասպանության ինստիտուտի տնօրեն Իսրայել Չարնին:

Չարնին մեջբերում է այն տեղեկությունները, որ Իսրայելը վաճառել է միլիոնավոր դոլարների զենքեր նաև այնպիսի կառավարություններին, որոնք «սպանում են կամ սպառնում ոչնչացնել խաղաղ բնակիչներին»: Նա նաև հիշեցնում է, որ անցած շաբաթ տեղեկություններ հայտնվեցին, որ իսրայելական անօդաչու թռչող սարքերն «Ադրբեջանի ձեռքերում պատասխանատու են վեց հայերի մահվան համար Լեռնային Ղարաբաղում»: Վերջերս էլ հայտնի դարձավ, որ պատերազմի օրերին ադրբեջանական ռազմական ինքնաթիռ է վայրէքջք կատարել Իսրայելում:

«Ես ամաչում եմ: Հայերը 100 տարի առաջ մեծ ցեղասպանության զոհերն էին, որը որոշ հրեա գիտնականների կողմից անվանվեց «հայկական շոա»: Նրանց մշակութային և ազգային էթնոսի կարևորագույն խնդիրներից է ցեղասպանության հիշողության պահպանությունը, նման չէ՞ արդյոք դա մեզ` հրեաներիս: Մենք` հրեաներս, տարիներ շարունակ վիրավորել ենք հայ ժողովրդին` պաշտոնապես չճանաչելով ցեղասպանությունը: Կհանդուրժեի՞նք արդյոք մի որևէ կառավարություն ԱՄՆ-ում կամ Անգլիայում, որը, ցեղասպանություն իրականացնող երկրի հետ «realpolitik»-ից ելնելով, հրաժարվեր ճանաչել Հոլոքոստը»,-գրում է պրոֆեսոր Չարնին:

Իսրայելցի գիտնականը ևս մեկ հռետորական հարց է բարձրացնում, թե արդյոք Իսրայելը պատրա՞ստ է բարոյական տեսլական ունենալ ողջ աշխարհի: «Զենքի վաճառքի մեր այլընտրանքային սկզբունքը կարող է լինել հետևյալը. վաճառել այն ժողովուրդներին, ովքեր զանգվածային ոչնչացման վտանգի առաջ են: Իհարկե, մենք սխալներ կգործենք, սակայն առնվազն մեր խիղճը ավելի մաքուր կլինի, որ մենք զենք չենք մատակարարել նացիստներին, իսկ իմ հայ գործընկերներին և ընկերներին ես կցանկանայի ասել, որ որպես հրեա և իսրայելցի ես «սպանված» և բարկացած եմ»,- ամփոփել է պրոֆեսոր Իսրայել Չարնին:

artsakhpress.am

Տեսանյութեր

Լրահոս