Եթե տարածք տրվի, ապա պատերազմ կլինի. ՌԴ Դաշնային խորհրդի անդամ. tert.am
Զարմացած եմ, որ ՄԱԿ-ի քաղաքակրթությունների դաշինքի ֆորումն այս տարի գումարվում է Բաքվում: Tert.am-ի հետ զրույցում ասել է Բաշկիրիայի Ազգային ժողովի փոխնախագահ, ՌԴ Դաշնային խորհրդի անդամ Ռաֆայիլ Զինուրովը՝ նշելով, որ քառօրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանը Հայաստանի կողմից համարժեք պատասխան ստացել է: Ըստ նրա՝ եթե Արցախում տարածք հանձնվի, ապա պատերազմն անխուսափելի է։
– Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած քառօրյա պատերազմի արդյունքում Հայաստանում շատերի ակնկալիքները Ռուսաստանից՝ որպես դաշնակցային պետության, չարդարացան: Ավելին, պարբերական քննադատությունները հակառակորդ կողմին զենք չվաճառելու մասին, ռուսական իշխանությունների կողմից այդպես էլ մնացին անպատասխան: Ինչո՞ւ:
– Կարող եմ մեջբերել միայն Ռուսաստանի պաշտոնական տեսակետը, որը հնչեցվեց մեր նախագահի՝ Վլադիմիր Պուտինի կողմից, որ ԼՂ հակամարտությունը կարող է լուծվել բացառապես խաղաղ ճանապարհով, առանց զենքի կիրառման: Իսկ մնացածը, նկատի ունեմ զենքի վաճառքը, շատ սուր քաղաքական հարց է ու ես չէի ցանկանա մտնել դրա մեջ:
– Ձեր կարծիքով՝ ինչո՞վ են պայմանավորված զենքի վաճառքի շուրջ ռուս բարձրաստիճան պաշտոնյաների հակասական հայտարարությունները: Մի կողմից ՌԴ ԱԺ փոխնախագահի հայտարարությունը, որ զենք վաճառել այլևս պետք չէ ու մյուս կողմից փոխվարչապետ Ռոգոզինի պնդումները, թե ՌԴ-ն շարունակելու է զենք վաճառել:
– Առաջին հերթին, զենքի վաճառքը, միջազգային երևույթ է, այն բնորոշ չէ միայն Ռուսաստանին: Ցավոք, բոլորը զենք վաճառում են, զենք գնում են: Հասկանում եք, իրավիճակն այնպիսին է, որ Ռուսաստանը չի կարող կողմերից մեկի օգտին հանդես գալ, դրա համար փորձում է ավելի չեզոք դիրք գրավել: Միայն փաստը, որ Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է, ՀԱՊԿ անդամ-պետություն է, զսպող հանգամանք է դառնում սուր հայտարարություններ հնչեցնելու համար:
– ՌԴ ԱԳ նախարարի այցը որևէ բան փոխե՞ց:
– Գուցե, ինչ իմանանք, դիվանագիտությունը փողոցում չի ընթանում, փակ դռների հետևում են պայմանավորվածությունները ձեռքբերվում:
– Խոսվում է այն մասին, որ ՌԴ-ն կարող է ճնշման միջոցով տարածքային զիջումներ պարտադրել: Հնարավոր համարո՞ւմ եք:
– Ոչ: Չեմ կարծում: Եթե տարածք տրվի, պատերազմ կլինի, իսկ պատերազմը տարածաշրջանին պետք չէ, մեզ խաղաղություն է պետք:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: