Ինչու է Սերժ Սարգսյանը նախատել ՀՀԿ-ական պատգամավորներին
Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն, ըստ էության, հաստատեց, որ Սերժ Սարգսյանի և Հանրապետական պատգամավորների հանդիպմանը ՀՀ նախագահը նախատել է կուսակցիներին՝ խորհրդարանական աշխատանքում թերանալու համար: Պատճառը «Հրազդան-ցեմենտ» գործարանին հարկային արտոնություններ տալու նախագծի տապալումն է եղել:
«Յուրաքանչյուր պատգամավորի աշխատանքի տեղը Ազգային ժողովն է, և դա վերաբերում է յուրաքանչյուր պատգամավորի, որ նա պետք է բարեխղճորեն կատարի իր պարտականությունը` բացառությամբ եզակի հարգելի դեպքերի: Այս քառօրյա պատերազմի հետ կապված ունենք անուններ, հիվանդության դեպքեր, որոնց բացակայությունը հարգելի ենք համարում, մնացած բոլոր դեպքում անընդունելի է: Եթե մարդիկ ունեն քվեն, ժողովուրդը նրանց ուղարկել է ԱԺ, պարտավոր են գալ ԱԺ, հակառակ դեպքում նրանք կարող են զբաղվել այլ աշխատանքով»,- ասաց Վ.Բաղդասարյանը:
Ըստ նրա` նախագծի տապալումը ընդդիմության թուլությունն էր, որ ցույց տվեցին, թե իրենք էլ են կարողանում մի բան անել, հաշվեցին, որ ՀՀԿ-ականներից 12 հոգի սահմանին է, ՀՅԴ-ականները գործուղման են, և անակնկալի բերեցին. «Բայց խնդիր չի, նորից կգա ԱԺ և կտեսնեք համախմբվածությունը և թե այդ բոյկոտողներից քանիսն են կողմ քվեարկում»:
Անդրադառնալով ՀՅԴ-ական պատգամավոր Աղվան Վարդանյանի ջենթլմենական համաձայնագիր կնքելու առաջարկին` Վ.Բաղդասարյանը միանշանակ կողմ արտահայտվեց դրան:
«Միանշանակ կողմնակից եմ, բայց այդտեղ գիտե՞ք ինչ կա, ինչքան էլ ջենթլմենական, պետք է որ բոլոր քաղաքական ուժերը քաղաքական կամք դրսևորեն: Եթե առաջարկությունները կքնարկենք, կլինի որոշակի տեքստ, կմիանանանք: Եթե առաջարկում են ու մենք հրաժարվենք, կասեն` այլ բան կա: Դրա համար քաղաքական կամք է պետք: Սա պարզապես ԸՕ-ն գործիք է: Պետք է կարողանանք կազմակերպել այնպիսի ընտրություններ, որ խոցելի չլինի, այդ թվում` միջազգային հանրության համար»,- ասաց Բաղդասարյանը: