
Հովհաննես Մարգարյանը` ՕԵԿ բաժանած մուրաբաների մասին

ԱԺ ՕԵԿ խմբակցութան պատգամավոր Հովհաննես Մարգարյանն այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ փորձեց հերքել հայտնի փաստերը, որ ՕԵԿ-ը նախորդ ընտրությունների ժամանակ մուրաբաներ էր բաժանում:
«Ովքեր ընտրակաշառք են բաժանում, նրանք էլ պետք է պատժվեն: Մենք նախ որևիցե միջոց չենք ունեցել, որ բաժանենք, և չենք բաժանել: Ձեր դեմ նստած է գյումրեցի ԱԺ 3 գումարման պատգամավոր, ով երբեք ընտրակաշառք չի բաժանել: Ե´վ ՕԵԿ-ը, և´ ես, և´ մեր բոլոր թեկնածուները երբեք ընտրակաշառք չենք բաժանել: Մենք միշտ դեմ ենք եղել նման մոտեցման: Գրոշներով չպետք է գնել պատիվ, արժանապատվություն և գրոշներով չպետք է վաճառել երեխաների ապագան»,- ասաց Հ.Մարգարյանը:
Նրա խոսքով՝ ՕԵԿ-ը որևէ ընտրակաշառք չի բաժանել և դա հերթական զրպարտությունն է իրենց հասցեին:
«Մենք ցանկացած միջոցառումներին մեր կուսակիցներին բաժանել ենք և հետագայում էլ կշարունակենք բաժանել` շնորհավորելով Ամանորը, կանանց տոնը: Մենք մեղավոր չենք, որ տասնյակ հազարավոր կուսակիցներ ունենք»,- հավելեց Հ.Մարգարյանը: