Փոստանջյանը` Զոհրաբյանին. «Ես որևիցե խնդիր չեմ շահարկում»
«Դա իր կարծիքն է, ես որևիցե խնդիր չեմ շահարկում, ես ասում եմ այն ցավալի իրականությունը, որ այսօր գոյություն ունի: Հայաստանի և Արցախի անվտանգության երաշխավորը եղել է 20 տարեկան հայ զինվորը, որ կանգնած է սահմանին»,- այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը` արձագանքելով երեկ ԱԺ նիստի ժամանակ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի հայտարարությունը, թե բացարձակ անբարոյական է այստեղ բանակում՝ առաջին գծում զոհված զինվորի արյունը շահարկել:
Ն.Զոհրաբյանի այս հայտարարությունը, հիշեցնենք, հետևել էր Զ.Փոստանջյանի հայտարարությանը, որ Սերժ Սարգսյանն ուզում է վաճառել Արցախն ու Հայաստանը:
Ըստ Զ.Փոստանջյանի պետական կառույցներն իրենց տեղում չեն եղել, այդ թվում՝ իր տեղում չի եղել Սերժ Սարգսյանը, որը նախորդ տարիներին ձախողել է քաղաքականությունը և դա հանգեցրել է այս իրավիճակին:
Պատգամավորի խոսքով` այն սպառազինությունները, ինչ նախատեսված էր, չեն տրամադրվել Հայաստանին, իսկ Ադրբեջանին զինել են հարձակողական զենքով, որ չի կարելի օգտագործել խաղաղ բնակչության նկատմամբ: Զ.Փոստանջյանը նշեց, որ ՌԴ վարչապետ Ռոգոզինի հայտարարությունը, որ շարունակելու են զենք վաճառել Ադրբեջանին, Ռուսաստանի կողմից պաշտոնական հայտարարություն էր, որին հայկական կողմը պատշաճ չի արձագանքել: