
«Հենց մամուլը տեսնում են, խոսափողը տեսնում են, միանգամից ուրիշ մարդիկ են դառնում». Հովիկ Աբրահամյան

«Սահմանագծի վերջին սրացումներից հետո ավելի տեսանելի դարձան արդեն մեր պետական համակարգի այն թույլ օղակները, վարվող քաղաքականության այն բացերը, որոնք կարգավորման, շտկման կարիք ունեն: Բացեր կան ոչ միայն՝ ռազմական, այլև՝ մյուս՝ ոչ ռազմական ոլորտներում»,- այսօր ԱԺ նիստում կառավարություն հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը` տրամաբանական համարելով բարձրաստիճան զինվորական պաշտոնյաների վերջին պաշտոնանկությունը:
Նա հետաքրքրվեց, թե արդյոք հանձնարարականներ տրվե՞լ են ուսումնասիրություններ անցկացնել այլ պետական ինստիտուտներում: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը պատասխանեց, որ ապրիլյան քառօրյա պատերազմը շատ-շատ հարցեր, մտահոգություններ, նաև անհարկի կոսմոպոլիտ քաղաքական գործիչներ ի հայտ հանեց մեր հանրությանը: Նրա կարծիքով` մենք ընդհանրապես քննարկելու, նաև քննադատելու, մտահոգվելու շատ խնդիրներ ունենք, ոչ միայն կառավարությունը, այլև քաղաքացիական հասարակությունն ու քաղաքական ուժերը: «Կառավարությունը միշտ նայում է ապագային, առաջ, չփորձելով մոռանալ անցյալը, դասեր քաղելով անցյալից և փորձելով քայլել առաջ: Արագ փոփոխվող աշխարհում պետք է լինել շատ զգոն»,- ասաց Հ.Աբրահամյանը` տեղեկացնելով, որ ապագայում հանդես կգան համապարփակ հայտարարություններով, ապրիլյան քառօրյա պատերազմի լույսի ներքո վերանայվելու են նախատեսվող բարեփոխումները: «Մեր կառավարության լավն ու վատն այն է, ինչ ունենք, ուրիշի լավը մեզ չեն տալու, մեր վատն էլ չեն վերցնելու»,- նկատեց Թ.Պողոսյանը` խնդրելով նախապես տեղեկացնել, եթե այդ բարեփոխումների արդյունքում բյուջեն փոփոխվելո՞ւ է:
Հ.Աբրահամյանը նշեց, որ այս օրերին համոզվեցինք, որ Սփյուռքը, Արցախն ու Հայաստանը միասին են, բայց խոսքը պետք է վերածել գործի, ոչ թե քար շպրտել որոշ քաղաքական գործիչների վրա:
Նա կոչ արեց ԱԺ քաղաքական ուժերին՝ հավաքվել և հարցերը քննարկել առանց մամուլի. «Հենց մամուլը տեսնում են, խոսափողը տեսնում են, միանգամից ուրիշ մարդիկ են դառնում: Դա վերաբերում է այն մարդկանց, ում խեղդում է քաղաքական պոպուլիզմը: Ի՞նչ է պատահել, մեր խնդիրն է, մեր պրոբլեմն է, մենք պետք է փորձենք մեր պրոբլեմը միասին լուծել: Ազնվանալու, անկեղծանալու և քննարկելու ժամանակն է»: