Հնարավոր են նոր պաշտոնանկություններ
ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանի համար անսպասելի չէին ՀՀ ԶՈՒ բարձրաստիճան պաշտոնյաների պաշտոնանկությունը, ավելին` հնարավոր են նոր պաշտոնանկություններ:
«Խորքային վերլուծություն է կատարվել և կայացվել է համապատասխան որոշում»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Կ.Նահապետյանը` հավելելով, որ պաշտոնանկ եղած պաշտոնյաները քրեական պատասխանատվության կենթարկվեն այն դեպքում, եթե կատարել են քրեական հանցագործություններ: Ըստ նրա` տվյալ դեպքում նման փաստեր չկան, ՊՆ-ում և ԶՈՒ ԳՇ-ում կատարվում են համապատասխան ուսումնասիրություններ:
Հարցին, թե ինչպե՞ս է, որ Սեյրան Օհանյանը ՀՀԿ խորհրդի նիստից առաջ լրագրողներին հայտարարել էր, որ պաշտոնանկություններ չեն լինի, իսկ Կ.Նահապետյանը սպասում էր դրան, ՀՀԿ-ական պատգամավորը պատասխանեց, որ նիստին չի մասնակցել` լինելով գործուղման մեջ. «ԶՈՒ բարձրագույն հրամանատար կազմին նշանակում և ազատում է ՀՀ նախագահը: Ստեղծված իրավիճակոմ պետք է քննարկվեր և որոշում կայացվեր, այն պաշտոնական անձինք, որոնք թույլ են տվել լրացումներ, խախտումներ, պետք է նաև պատասխանատվության միջոց կիրառվի նրանց նկատմամբ: Ռազմական բնագավառում նույնպես բացահայտվել են որոշակի խնդիներ, որոնք պահանջում են անհետաձգելի լուծումներ»: