
ԱԺ-ում մեկնարկեցին ԸՕ նախագծի քննարկումները. ՀԱԿ-ը առկախել է իր մասնակցությունը

Ազգային ժողովի նիստում մեկնարկել են Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ քննարկումները: ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նոր ԸՕ ներկայացումը պայմանավորեց 2 հանգամանքով՝ Սահմանադրության փոփոխություններով, որոնք թելադրում են նոր մոտեցումներ ԸՕ-ում:
«Ընտրությունների հետ կապված մեզանում առկա են բազում երևույթներ, որոնք համարում ենք անթույլատրելի և այս ԸՕ-ով փորձում ենք տալ լուծումներ, որոնք կվերացնեն դրանք»,- ասաց Դ.Հարությունյանը՝ հավելելով, որ ստեղծվում է այնպիսի ընտրական դաշտ և մեխանիզմներ, որոնք շատ մեծ ճշտությամբ կտան ընտրությունների պատկերը:
Դ.Հարությունյանը հանգամանորեն ներկայացրեց նոր Ընտրական օրենսգիրքը:
Նախքան ԸՕ քննարկումները, ԱԺ նիստի ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ իշխանությունները պետք է վերջ տան կոռուպցիային, թալանին և ընտրակեղծարարությանը, իսկ ՀՀ և ԼՂՀ անվտանգությանը սպառնացող պայմաններում ազգային համախմբման վերաբերյալ ՀԱԿ դիրքորոշումը չի կարող դառնալ քաղաքական սակարկությունների առարկա, ուստի, չտեսնելով իշխանության կողմից համարժեք քայլեր հանրությանն ընդառաջ, առկախում է իր մասնակցությունը ԸՕ քննարկմանը, քանի դեռ բարեխիղճ բանակցությունների արդյուքնում ձեռք չի բերվել կոնսենսուս: