«Պատերազմը չի ավարտվել, մենք պետք է պատրաստ լինենք ավելի լայնածավալ գործողությունների». Փոստանջյանը ԼՂՀ-ի ներկայացուցիչների հետ հանդիպման անհրաժեշտություն է տեսնում
«Այս 20 օրերի ընթացքում մենք հասկացանք, որ ունենք երկու պետությունների գործադիր իշխանություն, բայց հնարավորություն չունենք այդ գործադիր իշխանության բարձրաստիճան պաշտոնայների հետ նստենք ու քննարկենք այն բացթողումները, որ պատերազմի ժամանակ այս հսկայական զոհերն ենք տվել: Ոչ միայն ՀՀ իշխանության ներկայացուցիչների, այլև ԼՂՀ իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպման կարիք ունենք, որովհետև փաստացի իրենք են պահել սահմանը և պատերազմական գործողությունները չեն տեղափոխվել ավելի խորը»,- այսօր ԱԺ նիստում հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
Ըստ նրա՝ այս անգամ ոչ թե ՀՀ իշխանություններն են երաշխավոր եղել, այլ Արցախի մեր զինված ուժերն են կարողացել երաշխավորել մեր անվտանգությունը: Զ.Փոստանջյանը նշեց, որ օր առաջ, ժամ առաջ պետք է տեղի ունենա 2 պետությունների խորհրդարանների ու կառավարությունների միջև քննարկումներ՝ տեսնելու համար, թե ոնց պետք է լրացվեն բացերը:
«Պատերազմը չի ավարտվել, մենք պետք է պատրաստ լինենք ավելի լայնածավալ գործողությունների, որովհետև դրանք Ադրբեջանի օրակարգում են»,- ասաց Զ.Փոստանջյանը:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարեց, որ բոլոր խմբակցությունների ղեկավարներով որոշվել և ստեղծվել էր հանձնախումբ՝ բաղկացած խմբակցության ղեկավարների և հանձնաժողովների նախագահներից, որոնք այցելել են ԼՂՀ և այնտեղ փակ ու բաց հանդիպումներ ունեցել: Նա նշեց, որ պայմանավորվածություն կար, որ այդ հանդիպումների՝ թե՛ բաց և թե՛ փակ, պետք է տեղյակ պահեն խմբակցությունների անդամներին: Բաղդասարյանը հորդորեց՝ խմբակցության նիստեր հրավիրել ու տեղեկացնել պատգամավորներին. «Այդ դեպքում բոլոր հարցերը սպառված կլինեն, եթե ոչ՝ կկազմակերպվեն հանդիպումներ»: