Լևոն Զուրաբյանը պահանջում է հետաձգել ԸՕ քննարկումը. «Իշխանությունը հանրությանն ընդառաջելու որևէ ազդանշան չի տալիս»
Այսօր ԱԺ նիստում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ ԱԺ ղեկավարության կողմից որոշում է ընդունվել այս հերթական նիստում սկսել Ընտրական օրենսգրքի քննարկումերը, սակայն ԸՕ-ն փաստաթուղթ է, որը կարևոր նշանակություն ունի հանրության վստահության ձևավորման վրա և այդ պատճառով ժողովրդավար աշխարհում անհրաժեշտ են համարում ընդդիմոթւյան, քաղաքացիական հասարակության և իշխանության կոնսենսուսը, և ոչ թե հարցը լուծվի մեծամասնության կողմից քվեարկության մեխանիզմի գործադրման միջոցով: Լ.Զուրաբյանը նշեց, որ «4+4+4» բանակցություններն արդյունք չտվեցին, քանի որ իշխանությունը մերժեց քաղաքացիական հասարակության և ընդդիմության միահամուռ հավանության արժանացած 5 առաջարկները:
«Եվ քանի դեռ նման կոնսենսուս ձեռք բերված չէ, հաշվի առնելով, որ Ղարաբաղի և Հայաստանի դեմ իրականացվում է արտաքին ագրեսիա, ՀԱԿ-ը նպատակահարմար չի գտնում, որ ԱԺ-ում ծավալվեն քննարկումներ ներքաղաքական անխուսափելի լարումներ առաջացնող այդ խնդրի շուրջ, առավել ևս, որ իշխանությունը հանրությանն ընդառաջելու որևէ ազդանշան չի տալիս»,- ասաց Լ.Զուրաբյանը՝ հավելելով, որ ճիշտ կլիներ հարցի քննարկումը հետաձգել մինչև անհրաժեշտ կոնսենսուսի ձևավորումը:
ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը չկիսեց Զուրաբյանի գնահատականները. «Բնականաբար, մենք էլ ենք ափսոսում, որ գոնե այս փուլում, գոնե այդ ֆորմատով կոնսենսուս չի եղել, բայց դա միակ ֆորմատը չի, որ քննարկվում է, մեծամասնությունը փոխզիջումների կողմնակից է»:
Նա պատրաստակամություն հայտնեց քննարկել՝ հավելելով, որ պետք է տարանջատել փոխզիջումն ու ուլտիմատումը: Շարմազանովը կոչ արեց կառուցողական առաջարկների: Նրա բնորոշմամբ՝ ԱԺ բերված փաստաթուղթը դոգմա չէ, պետք է աշխատել և հասնել փոխզիջումերի, իսկ ԱԺ-ն ամեն դեպքում պետք է շարունակի իր վրա դրված լիազորությունները՝ խուսափելով ավելորդ լարվածութունից, այսինքն՝ ցանկացած օրենքի քննարկման ժամանակ մի կողմ դնելով անձնական վիրավորանքները, պետք է խոսել գաղափարական ծրագրային դրույթներից, գնալ կառուցողական աշխատանքի: