ՀՔԱՎ. Դատապարտում ենք ոստիկանության հրապարակային և ցուցադրական բռնությունները քաղաքացիների նկատմամբ
2016 թ.-ի ապրիլի 21-ին՝ Ռուսաստանի դեսպանատան դիմաց և ապրիլի 22-ին Բաղրամյան պողոտայում կազմակերպված բողոքի ցույցերի ժամանակ ՀՀ Ոստիկանությունը, շարունակելով իր ավանդական գործելակերպը, անհամաչափ ոստիկանական ուժեր ներգրավելով խաղաղ ցույցերի մասնակիցների դեմ, ցուցադրաբար և բռնի կերպով խախտելով «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի նորմերը, ոչ թե ապահովում էր խաղաղ ցույցի անվտանգությունը և իրականացումը, այլև բռնությունների կիրառմամբ խաղաղ ցույցի մասնակիցներին (ըստ պաշտոնական տվյալների՝ մոտ 42 հոգի) բերման ենթարկեց ոստիկանության բաժիններ, ֆիզիկական բռնություն կիրառվեց բողոքի ցույցը լուսաբանող 1in.am-ի լրագրողների նկատմամբ՝ կոտրելով նրանց տեխնիկան:
Բացի դրանից, Ռուսական դեսպանատան ցույցի ավարտից հետո Երևանի ոստիկանապետ Ա. Կարապետյանը, առանց որևէ իրավական հիմնավորման, ոստիկանության բաժին է հրավիրել Շահեն Հարությունյանին և սպառնացել վերջինիս, որ բողոքի ցույցերին հետագա մասնակցության դեպքում նա կարող է կենթարկվել քրեական հետապնդման:
Ոստիկանության աշխատակիցների ապօրինի գործողություններին զուգահեռ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաները որևէ բացատրություն չէին ներկայացնում իրենց գործողությունների վերաբերյալ, որով ցուցադրում էին իրենց հրապարակային անպատասխանատվությունը և անպատժելիությունը հանրության առջև:
Գտնում ենք, որ ոստիկանության նման ապօրինի գործողությունների պատճառ է հանդիսացել 2015 թ. հունիսի 23-ի ոստիկանության զանգվածային ապօրինությունների փաստերի հիման վրա հարուցված քրեական գործի անթույլատրելի հետաձգումը ՀՀ Հատուկ քննչական ծառայության կողմից, սպասվելիք իրավական գնահատականի բացակայությունը, որը նպաստեց ՀՀ քաղաքացիների նկատմամբ ոստիկանության շարունակական անպատժելիության և անպատասխանատու գործելակերպի հերթական դրսևորմանը:
Միանշանակ և առանց որևէ վերապահումների ոստիկանության վարքագիծը և գործողությունները գնահատում ենք հակաիրավական:
Գտնում ենք, որ ոստիկանները իրենց գործողություններով խախտել են ոչ միայն ՀՀ օրենսդրությամբ սահմանված իրենց գործառույթները, այլև չարաշահել են դրանք՝ նպատակ ունենալով խաղաղ ցուցարարների նկատմամբ ոստիկանական լծակներն օգտագործել՝ վախեցնելով մարդկանց ներկայացնել իրենց բողոքը և կարծիքը:
2016 թ. ապրիլի չորսօրյա ռազմական գործողությունների և այդ ընթացքում մարդկային զոհերի, ավելի քան 100 վիրավորների, արտաքին սպառնալիքների դիմագրավման պարագայում ՀՀ քաղաքացիների նկատմամբ ՀՀ ոստիկանության նման գործելակերպը ոչ միայն չի բխում և չի համապատասխանում ժողովրդավարական և իրավական պետության սկզբունքերից, այլև ավելի է նվազեցնում իշխանությունների նկատմամբ առանց այն էլ ցածր մակարդակում գտնվող հանրային վստահության մակարդակը: Նման գործելակերպը գնահատում ենք ժողովրդավարական արժեքների և սկզբունքների շուրջ սոցիալական համախմբման դեմ ուղղված բռնապետական կառավարման ոճի գործողություն:
Դատապարտում ենք ոստիկանության հերթական ապօրինությունները և գտնում ենք, որ ՀՀ ոստիկանապետը և նրա տեղակալները, ինչպես նաև Երևանի ոստիկանապետը պետք է անհապաղ հրաժարվեն իրենց զբաղեցրած պաշտոններից:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ