Հայերեն վերնագիր և Հայոց ցեղասպանությունը պատկերող լուսանկար՝ քրդական թերթի շապիկին

Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի առթիվ Թուրքիայում հրատարակվող քրդական «Özgür Gündem» թերթն իր շապիկին հայերեն վերնագիր և Հայոց ցեղասպանությունը պատկերող լուսանկարներ է հրապարակել:

Թուրքական «Demokrathaber.com» լրատվակայքի փոխանցմամբ՝ թերթն անցյալի և մերօրյա ողբերգություններին անդրադարձել է «Ցեղասպանությունը շարունակվում է» վերնագրի ներքո:

Զուգահեռներ անցկացնելով օսմանյան «Միություն և առաջադիություն» (İttihat ve Terakki) և այսօրվա Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցությունների միջև՝ հեղինակը գրում է.

«Այսօր Հայոց ցեղասպանության 101-րդ տարեդարձն է: Ժխտմամբ խորացված վերքը դեռ թարմ է… Իսկ «Միություն և առաջադիմության» հետքերով շարժվող իշխանություններն ու ԱԶԿ-ն այսօր քուրդ ժողովրդի դեմ նույն ցեղասպանության բանաձևն են կիրառում:

100-ամյա ցավ, 100-ամյա ժխտում. 101 տարի է անցել այն ժամանակից, երբ «Միություն և առաջադիմություն» կուսակցությունը ցեղասպանության ենթարկեց 1 միլիոնից ավելի հայերի և հարյուր հազարավոր ասորիների: Ապրիլի 24-ին սկսված ցեղասպանությունը պատմության մեջ մտավ որպես ամենախոշոր զանգվածային կոտորածներից մեկը՝ միևնույն ժամանակ ոգեշնչելով Հիտլերին՝ հրեաների ցեղասպանությունը կազմակերպելու համար:

ԱԶԿ-ն շարժվում է «Միություն և առաջադիմության» ուղիով. պետության ժխտողական քաղաքականությունը ճանապարհ է բացում նոր ցեղասպանությունների համար, մինչդեռ ժողովուրդները պահանջում են առերեսում և ցեղասպանության ճանաչում:

«Ժողովրդավարական հասարակության կոնգրեսը» նշել է, որ «Միություն և առաջադիմության» ռասիստական և ցեղասպանագործ քաղաքականությունը ԱԶԿ-ի ձեռքով հզորանում և կիրառվում է քրդերի դեմ: Կոնգրեսը կոչ է արել ժողովուրդներին՝ համատեղ պայքար մղել ցեղասպանությունների դեմ»:

«Özgür Gündem»-ի շապիկին կողք կողքի տեղադրվել են ցեղասպանության ողբերգությունը պատկերող 2 լուսանկար.

1. Հայոց ցեղասպանությունը պատկերող մի տեսարան:

2. Մերօրյա քրդաբնակ Սիլոփիում սպանված և օրեր շարունակ փողոցում ընկած մի քուրդ կնոջ դի:

Այս համադրությամբ թերթն ուշադրություն է հրավիրում 101 տարի առաջ և այսօր տեղի ունեցող վայրագությունների նմանության վրա: a_545_640x1000

ermenihaber.am

Տեսանյութեր

Լրահոս