Էրդողանը ապրիլի 24-ի կապակցությամբ ցավակցական ուղերձ է հղել Պոլսի Հայոց պատրիարքարանին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ապրիլի 24-ի կապակցությամբ կրկին ցավակցական ուղերձ է հղել Պոլսի Հայոց պատրիարքարանին: Նախորդ տարի ևս Էրդողանը հանդես էր եկել նման ուղերձով:
Պոլսի հայոց պատրիարքարանում այսօր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման արարողություն է տեղի ունենում:
Էրդողանի հղած ուղերձում մասնավորապես ասվում է.
«Հարգելի Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին,
Պոլսի հայոց պատրիարքության ընդհանուր փոխանորդին
Ողջունում ու ցավակցում եմ մեր այն քաղաքացիներին, որոնք այսօր հավաքվել են Պոլսի հայոց պատրաիքարանի հարկի տակ՝ հարգանքի տուրք մատուցելու առաջին համաշխարհային պատրերազմի տարիներին ողբերգական պայմաններում զոհված օսմանցի հայերի հիշատակին:
Ողջունում եմ այս արարողությունը, որը կրկին տեղի է ունենում Թուրքիայում, քանզի սա ամենաիմաստալից վայրն է օսմանցի հայերի վիշտը կիսելու և նրանց հիշատակը ոգեկոչելու համար:
Անատոլիայի հողերում, որտեղ մարդասիրական պատրականությունները երբեք չեն անտեսվում, իսկ ցավն ու ուրախությունը անկեղծորեն կիսվում են, արդարության և խղճի զգացումը վեր է դասվում ամեն ինչից:
Փոխըմբռնման, ինչպես նաև մարդասիրական և պատմական տեսլականի համաձայն մենք կշարունակենք պահպանել օսմանահպատակ հայերի հշողությունները: Միշտ կհիշեցնենք ու կհիշենք հայերի և թուրքերի համատեղ ապրելու մշակույթը, որը մոտ 1000 տարվա պատմություն ունի:
Երբեք չենք դադարի գործել հանուն խաղաղության ու բարեկամության՝ ընդդեմ բոլոր նրանց, ովքեր փորձում են թշնամական հռետորաբանությամբ պատմությունը քաղաքականացնել և ջանում են օտարել ընդհանուր պատմությամբ ու ավադույթներով փոխկապակցված 2 հարևան ժողովուրդներին:
Մեկ անգամ ևս հիշատակում եմ այն օսմանցի հայերին, ովքեր կյանքից հեռացել են, և հղում եմ իմ ցավակցությունս նրանց թոռներին ու ծոռներին:
Անկախ նրանց էթնիկ և կրոնական ծագումից՝ ես նաև հարգում եմ բոլոր այն օսմանյան քաղաքացիների հիշատակը, որոնք կյանքից հեռացել են նույն այդ ժամանակաշրջանում: Կցանկանայի կրկնել, որ մենք կիսում ենք այդ ընդհանուր ցավը:
Ինչպես նաև ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն հայ քաղաքացիներին ովքեր իրենց ներդրում են ունեցել մեր երկրի կյանքում ինչպես անցյալում, այնպես էլ ներկայում»: