«Փակ աչքերով վստահում եմ Ձեր առաջարկին». Դավիթ Հարությունյանը` Գագիկ Ջհանգիրյանին
Այսօր ԱԺ Պետաիրավական հանձնաժողովի նիստում Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը մի քանի հարցադրում հնչեցրեց` ի՞նչ տեղի կունենա, եթե հունիսի 1-ին օրենքը չընդունվի, ինչո՞ւ «չբարեհաճեցին» ներկայացնել Վենետիկի հանձնաժողովին ուղարկած երկրորդ տարբերակի գոնե սկզբունքները «4+4+4» ձևաչափով քննարկումներին, արդյո՞ք այդ քննարկումների արդյունքների մասին տեղյակը է Վենետիկի հանձնաժողովը: «Ցուցակների մաքրում չկա, մատների թանաքոտում չկա, ռեյտինգայինը հանելը չկա, ինչպե՞ս եք պատկերացնում շարունակությունը»,- հարցրեց Ա.Մանուկյանը:
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար, ԸՕ նախագծի համահեղինակ Դավիթ Հարությունյանը պատասխանեց, որ, եթե օրենսգիրքը չընդունվի մինչև նախանշված ժամկետը, կլինի ընտրական ճգնաժամ, բայց իր կարծիքով՝ ԸՕ-ն այդ ժամկետում ընդունված կլինի: Դ.Հարությունյանը մեղադրեց, որ ՀԱԿ-ը պատրաստակամ չի եղել իրեն լսելու: Ըստ նրա` շատ հարմար է, որ կա իշխանություն, որը փորձում է ողջամիտ լուծում գտնել, համաձայնում է այս և այն առաջարկներին, բայց մեկին, որ չի համաձայնում, կարելի է ասել` դա մեր սկզբունքային մոտեցումն է.
«Դա լավ օգտագործեցիք քաղաքական նպատակով»,- ասաց Հարությունյանը: Նրա խոսքով, նկարահանումների հետ կապված՝ դոնորներին դիմելու հարցում, եթե գալիս են կոնսենսուսի, որևէ խնդիր չկա, դիմում են դոնորներին, որպեսզի տեսանկարահանումների ու սարքերի համար գումար հատկացնեն: «Սա լրջագույն միջոց է վստահությունը բարձրացնելու, բայց եթե գումար չգտնենք մինչև երկրորդ ընթերցում, կվերադառնանք գործող համակարգին»,- ասաց նա:
Ա.Մանուկյանը հայտարարեց, որ արդար ընտրությունների իրենց հույսը վերացավ Հրազդանի ընտրություններից հետո, որտեղ 62% մասնակցությունը` այս արտագաղթի պայմաններում, հնարավոր չէ. «Իրականությունից հեռու չգնանք: 26 հազար մարդ Հրազդանում չի ապրում և չէր կարող քվեարկել»: Դ.Հարությունյանի կարծիքով` Հրազդանում կա 26 հազար մարդ, իսկ օբյեկտիվ միջոցը, որպեսզի նույն անձը տարբեր տեղամասերում չքվեարկի, մատնահետքն է. «Տեխնիկական միջոցները պատահաբար չենք առաջարկում մենք: Ամենալավ ապացույցն է` ճշտելու՝ մարդը կա՞ր, թե՞ չկար»:
«Քննարկումը հենց դրանով է քննարկում, որ դիրքերը մերձենան: Խոսքը զիջումների մասին չէ, մենք ուզում ենք ողջամիտ լուծում: Եթե քարը փեշներիցս թափենք, մենք կարող ենք գալ զիջումների»:
ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի դիտարկմամբ` մասնագիտական քննարկումները նոր են սկսվում, և «4+4+4» ձևաչափի ձախողումը ողբերգություն չէ:
«Մտավախություն չունե՞ք, որ այս համակարգի գործարկման արդյունքում մենք ապագայում ունենալու ենք ավելի վատ խորհրդարան, ավելի ցածր ինտելեկտուալ` անկախ ընդդիմության թվից, որակային ավելի վատ ԱԺ»,- հարցադրում արեց Գ.Ջհանգիրյանը` նշելով, որ թվերից գիտակները հաշվել են, որ այս համակարգի դեպքում ձայն բերող մարդիկ, որոնք օրենսդիր աշխատանքի համար պիտանի չեն, 53%-ից ավելի կլինեն:
Դ.Հարությունյանը պատասխանեց, որ ավելի վատ ԱԺ ունենալու մտավախություն շատ չունի, ավելին` բաց համամասնական համակարգ ունեցող գործընկերներն ասում են՝ սա շատ լուրջ քայլ է առաջ: Ըստ նրա` կան երկրներ, որտեղ այս համակարգը ձախողվել է, բայց իրենք ունեցել են համապետական ցուցակով անցած ավելի քիչ թվով անձինք, քան տեղական: Դ.Հարությունյանը պատրաստակամություն հայտնեց անգամ ամենօրյա ռեժիմով աշխատել օրենսգրքի նախագծի վրա ու նշեց. «Փակ աչքերով վստահում եմ Ձեր առաջարկին»:
Գ.Ջհանգիրյանը հայտարարեց, որ, եթե մեծամասնականից հրաժարվում են, որպեսզի տեղերում քաղաքական ուժերին կայացնեն, դրա համար նախ՝ պետք է տեղերում տնտեսություն լինի, միայն վարչական ռեսուրսի վրա քաղաքական ուժերը չեն զարգանա: