«Կողմնակից չենք ուղիղ հեռարձակմանը` նման տրաֆիկ ՀՀ-ում հնարավոր չէ իրականացնել». Դավիթ Հարությունյան
«Նորամուծությունները բավականին շատ են»,- այսօր ԱԺ Պետաիրավական հանձնաժողովի նիստում Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար, ԸՕ նախագծի համահեղինակ Դավիթ Հարությունյանը:
Ըստ նրա` էլեկտրոնային լինելու է միայն գրանցումը, ծրագրային ապահովումը պետք է բաց լինի աուդիտի համար, ընտրողների ցուցակում պետք է ներբեռնվեն ID քարտի, սովորական անձնագրի և բիոմետրիկ անձնագրի տվյալները, յուրաքանչյուր ընտրատեղամասի սարքերում պետք է լինեն միայն այդ տարածքի ընտրողների տվյալները: Անձը հաստատելուց հետո ընտրողը ստանալու է քվեարկության կտրոնը, ապա հանձնելու է մատնահետք:
Դ.Հարությունյանը խոսեց նաև ինքնասոսնձվող դրոշմանիշների մասին, որի վրա պետք է ընտրությունների թիվն ու ընտրատեղամասը հրապարակվի: Ի սկզբանե պետք է տպագրված դրոշմանիշների քանակը հայտնի լինի: Դրոշմանիշը փակցվելու է քվեաթերթիկի վրա, առանց որի՝ այն վավեր չի համարվի:
Դ.Հարությունյանի խոսքով` քաղհասարակության պահանջին ի պատասխան` ունենալ ընտրությանը մասնակցածների ցանկը, որի հրապարակմանը դեմ է Վենետիկի հանձնաժողովը` անհատական տվյալների պաշտպանության առումով, իրենք առաջարկել են լուծում, որը պատասխան է տալիս ընդդիմադիրների բարձրացրած հարցին, բայց չի խախտում ՎՀ տեսակետը: Ըստ այդմ` էլեկտրոնային սարքը տպելու է այն ընտրողների հերթական համարները, որոնք մասնակցել են ընտրությանը, հետո կարելի է դա ներբեռնել և տպել A4 ֆորմատի վրա, իսկ վստահված անձինք, դիտորդներն ու լրագրողները կարող են լուսանկարահանել այդ թվերը:
Դ.Հարությունյանը նշեց, որ ընտրատեղամասերի ամփոփումից հետո հիշողության սարքերը կումուլյացվում են մեկ համակարգչի մեջ, և տվյալները փոխանցվում են ԿԸՀ, և եթե հանկարծ որևէ մարդ քվեարկել է նաև այլ տեղամասում, դա հստակ երևում է մատնահետքով: Զինվորականները նույնպես հանձնում են մատնահետք, բայց նրանց անուն-ազգանունը չի նշվում:
Դ.Հարությունյանը «շատ օգտակար» անվանեց «4+4+4» ֆորմատով քննարկումները` անկախ քաղաքական գնահատականներից: Սակայն, ըստ նրա, այս ձևաչափի մասնակիցների առաջարկած մատների թանաքոտումը լավագույն տարբերակը չէ, ավելի օբյեկտիվ և համադրելի է մատնահետքերի կիրառումը: Նա շեշտեց, որ ընտրողների ցուցակները չեն հրապարակվի, բայց լուրջ քայլ առաջ է կատարվել` դրանք տրվում են դիտորդներին և ցանկացողներին:
Նա նշեց, որ տեսանկարահանման և ուղիղ հեռարձակման վերաբերյալ գործընկերների հաշվարկը չեն կիսում: Փոխարենը, Դ.Հարությունյանի խոսքով, առաջարկում են մեկ այլ մոտեցում, որ ԸՕ-ում ներգրավված չէ, քանի որ բյուջեում գումար չկա, բայց եթե որևէ դոնոր կազմակերպություն տրամադրի, իրենք դեմ չեն.
«Կողմնակից չենք ուղիղ հեռարձակմանը հետևյալ պատճառով` նման տրաֆիկ ՀՀ-ում հնարավոր չէ իրականացնել, իսկ ցանկացած կապի խաթարում հավելյալ կասկած կառաջացնի: Մի քանի տեսախցիկներով նկարահանմանը կողմ ենք, բայց, եթե լինի մի մասնագիտացած կազմակերպություն, որ իր վրա կվերցնի այդ աշխատանքը, և ընտրատեղամասի աշխատակիցները չմտածեն` տեսախցիկները որտեղ ամրացնել»: