Շառլ Ազնավուրը ժամանեց Երևան
Այսօրվանից մինչև ապրիլի 24-ը համաշխարհային մարդասիրական ասպարեզի մի շարք բացառիկ գործիչներ ժամանելու են Երևան՝ մասնակցելու հումանիտար ամենահրատապ ճգնաժամերի շուրջ կազմակերպված քննարկումներին։ Միջոցառումները կամփոփվեն «Ավրորա» անդրանիկ մրցանակի շնորհումով։ Այս առիթով քիչ առաջ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում վայրեջք կատարեց Փարիզից ժամանող օդանավը, որով Հայաստան եկավ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը: 168.am-ի այն հարցին, թե ինչպես է իրեն զգում, Շառլ Ազնավուրը պատասխանեց. «շատ լավ»:
Շառլ Ազնավուրի հետ Հայաստան է ժամանել նրա որդին, ինչպես նաև դերասան և ռեժիսոր Սերժ Ավետիքյանը:
«Ավրորա» մրցանակաբաշխության պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում է, որ հանդիսավոր արարողությանը մեծարանքի են արժանանալու այն բացառիկ ջանքերը, որ ներդրել են մրցանակի 4 հավակնորդներն ու նրանց առաջադրած կազմակերպությունները: