«Մենք Լավրովին պետք է դիմավորենք մեր պահանջներով». Էդմոն Մարուքյան
«Ես կարծում եմ, որ մենք պետք է բազմաթիվ հարցերի պատասխան ստանանք և ես ինքս ակնկալում եմ, որ այստեղ Լավրովը հայտարարի, որ իրենք քննարկել են և ամենաբարձր մակարդակում որոշում են կայացրել, որ դադարեցնում են Ադրբեջանի հետ ռազմական համագործակցությունը»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ անկախ պատգամավոր, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Էդմոն Մարուքյանը` խոսելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի Հայաստան այցի հետ կապված սպասումների մասին:
Հարցին, թե արդյոք դա իրատեսակա՞ն է այսքան հայտարարություններից հետո, որ ՌԴ-ն շարունակելու է Ադրբեջանին զենք վաճառել ըստ առկա պայմանագրերի, Է.Մարուքյանը պատասախանեց. «Դա իմ պահանջն է, ես չգիտեմ իրատեսական է, թե ոչ: Եվ կարծում եմ` ոչ միայն իմ, այլ ամբողջ հայ ժողովրդի պահանջն է, որովհետև մենք ռազմավարական գործընկերություն չենք պատկերացնում ուրիշ ձևաչափով»:
Նախքան Լավրովի այցը ռուսական իշխանամերձ մամուլում ղարաբաղյան հակամարտության «լավրովյան» պլանի` որոշ տարածքների հանձնում Ադրբեջանին, ռու խաղաղապահների տեղակայում և տարիներ անց հանրաքվե, շրջանառումը, ըստ պատգամավորի, կարող է տրամադրություններ ստուգելու համար սպրդված ինֆորմացիա լինել, կարող է և իրական լինել:
«Ամեն դեպքում, մենք պետք է դիմավորենք Լավրովին մեր պահանջներով, ոչ թե սպասենք, տեսնեք մեզ ինչ են ասում»,- ասաց Է.Մարուքյանը: