«Բժիշկներն ասում էին` չես դիմանա, բայց էրեխեքիս համար ուժ գտա ու դիմացա»
asparez.am. «Գյումրու Ավտոկայան տնակային թաղամասի 104/495 տնակ հասնելու համար ստիպված եղա անցնել քանդված ու ցեխոտ ճանապարհներով` շրջանցելով մեծ ու փոքր ջրափոսեր։ Հազիվ շնչառությունը կարգավորելով` ինձ էր եկել դիմավորելու տնակի տիրուհին` 56-ամյա տիկին Աիդա Ունուսյանը… Գյումրիում սոցիալական ծանր պայմաններում հայտնված հերթական ընտանիքներից եւս մեկը:
Կոկիկ դասավորված սենյակում տիկին Աիդան ցույց է տալիս անձրեւի կաթիլների հետքերը, քայքայված տանիքի փլուզումը կանխող սյունն ու առնետների մշտական բնակության վայր դարձած սենյակների անկյունները։ Մինչ այժմ տնակի հենց մեջտեղում՝ պատվավոր տեղում, վառարանն է, վառելափայտ դժվարությամբ են ձեռք բերում, այս ցուրտ ձմռանը ընտանիքին օգնել են «Շիրակ» կենտրոնն ու Գյումրու քաղաքապետարանը, վառելափայը, սակայն, բավարարել է միայն 1 ամիս:
Տիկին Աիդան միայնակ մայր է, արդեն 28 տարի ապրում է տնակում, երբեւէ բնակարան չի ստացել, եղբոր հետ է ապրել, հետո եղբայրը տուն է ստացել ու գնացել. Տիկին Աիդան մնացել է տնակում, անօթեւանության հերթացուցակում գրանցված չէ, չունի անօթեւանի կարգավիճակ: Երկու դստրերին մենակ է մեծացրել, 10 տարուց ավել է, ինչ ամուսնուց ոչ մի տեղեկություն չունի։ Ընտանիքի միակ եկամուտը միայնակ մայրության նպաստն ու հաշմանդամության թոշակն է. ընդամենը՝ 60 հազար դրամ, որը հազիվ բավարարում է սննդի, հագուստի, էլեկտրոէներգիայի վարձի եւ կոմունալ այլ ծախսերի համար։ Ընտանիքի մայրը 3-րդ կարգի հաշմանդամ է, 1 տարի առաջ է վիրահատել ոտքը, մի քանի ամիս առաջ էլ ծանր ինսուլտ է տարել.
-Բժիշկներն ասում էին, որ հույս չկա, երկար չես դիմանա, բայց էրեխեքիս համար ուժ գտա ու դիմացա,-ասում է տիկին Աիդան։
Տիկին Աիդան պատմում է, որ ներկայում ունի սիրտ-թոքային անբավարարություն ու ներգանգային ճնշում, բայց ավելի բարդ է գլխի հետ կապված խնդիրը, անոթները լայնացնել են, իսկ բջիջները սկսել են մահանալ, բժշկի դիմել է, պահանջվող դեղորայքը թանկ է, գնելու հնարավորություն չունի։
Տիկին Աիդան երկար տարիներ աշխատել է Ղարիբջանյան գյուղի մշակույթի տան տնօրենի պաշտոնում, մասնագիտությամբ հաշվապահ է, աշխատել է շինարարական տարբեր հիմնարկներում: Ապա, ծանր պայմանների պատճառով, դպրոցում հավաքարար է աշխատել, իսկ հիմա առողջական վիճակի պատճառով չի կարող աշխատել, չնայած ասում է` հարմար աշխատանքի դեպքում կաշխատի ու հանգիստ կզգա միայն այն ժամանակ, երբ վստահ կլինի, որ աղջիկներին հիմնավոր տանիք է թողնում։
Կնոջ պատմելով` հիվանդ է նաեւ 18-ամյա դուստրը, հիվանդությունը խորանում է, իսկ ֆինանսական խնդիրների պատճառով այդպես էլ բուժում չի ստանում:
Տիկին Աիդան պատմում է, որ պարտքեր անել չի սիրում, բավարարվում են եղածով. երբեմն սոված էլ են մնում, բայց ուրիշից չեն խնդրում:
Տիկին Աիդան հպարտությամբ է խոսում աղջիկների ձեռքբերումների ու հաջողությունների մասին։ Դա միակ թեման է, որի մասին խոսելիս՝ տիկին Աիդան ժպիտով ու հպարտությամբ է պատասխանում:
-Սոված էլ լինենք, մեռնեմ էլ, իմ էրեխեքը ոչ մեկից հետ չեն մնալու, ինչո՞վ են մեղավոր վատ պայմանների համար,-ասում է տիկին Աիդան:
Աղջիկներից Աննան վերջերս է ավարտել Գյումրու խնամքի կենտրոնը, հիմա սովորում է, ուսանող է: Վարձավճարը փոխհատուցում է բարեգործական կազմակերություններից մեկը:
Աննան նաեւ հաճախում է պարի, քանոնի, պարապմունքերին, նկարում է եւ բազմաթիվ մրցույթների դափնեկիր է: Նույն առաջադիմությունն ու հաջողությունն ունի նաեւ տիկին Աիդայի կրտսեր դուստրը` Լիանան, ով հիմա խնամքի կենտրոնի սան է:
Զրույցի վերջին տիկին Աիդան նայում է ինձ, քառօրյա պատերազմն ու պատերազմի հետեւանքներն հիշում, հոգոց հանում ու ասում.
-Չնայած տղա չունեմ, բանակում ծառայող բարեկամ չունեմ, բայց ի՞նչ տարբերություն, բոլորը մերն են…խաղաղություն թող լինի, էն անմեղ երեխեքն էլ անփորձանք ծառայեն ու հասնեն իրանց ծնողներին»: