«Ինձ չեն վախեցնում դժվարությունները». Ալեքսանդր Սիրադեկյան
Ալեքսանդր Սիրադեկյանն այն մարդկանցից է, ով չի վախենում ռիսկի դիմել: 2013թ. նա հիմնել է կոշիկի սեփական բրենդը, որն այսօր ներկայացված է ամբողջ աշխարհի խոշորագույն խանութներում:
Harper’s Bazaar-ը հանդիպել է դիզայների հետ և պարզել, թե որն է նրա միջազգային հաջողության և հուսահատ խիզախության գաղտնիքը:
– Ալեքսանդր, առաջին և ամենակարևոր հարցը՝ ինչո՞ւ կոշիկներ:
– Կոշիկների հետ ընկերություն եմ անում մանկուց: Կոշիկների իմ առաջին զույգը ստեղծել եմ, երբ ընդամենը 6 տարեկան էի: Հիշում եմ, տատիկս, ում հետ շատ ժամանակ էի անցկացնում, որոշել էր նոր կոշիկներ ձեռք բերել: Մնում էր միայն կողմնորոշվել մոդելի հարցում և առաջադրանք դնել կոշիկի սրահի առջև: Եվ այդ ժամանակ ես զգացի, որ պատրաստ եմ, և ինձ մոտ կստացվի: Ինքս էսքիզներ արեցի, և հենց դրանց հիման վրա էին աշխատում վարպետները: Իհարկե, ես շատ էի անհանգստանում, բայց տատիկը գոհ մնաց:
– Fresh Art նախագիծը նո՞ւյնպես կոշիկներից է սկսվել:
– Այո: Մեր առաջին կոշիկները ստեղծվում էին ձեռքով, Թբիլիսիում` իմ ընկերների արհեստանոցում: Աշխատանքը շատ քրտնաջան էր, բայց, ցավոք, նման կոշիկներ բոլորը չէ, որ կարող էին իրենց թույլ տալ: Արդյունքում՝ մենք ավելի դեմոկրատական շարք թողարկեցինք` հայտնի բրենդերից մեկի հետ: Ես շարունակում էի ստեղծել էսքիզներ, բայց դրանք բոլորը հայտնվում էին, ինչպես ասում են, «դարակներում», քանի որ կոշիկի արտադրությունը բարդ գործընթաց է. միշտ կա ցանկություն, բայց ժամանակը չի բավականացնում: Եվ միայն 16 տարի անց ես վերջնականապես հասկացա, որ պատրաստ եմ ազատ նավարկության և սեփական ապրանքանիշի գործադրմանը:
– Դուք երբևէ փոշմանե՞լ եք Ձեր այդ որոշման համար:
– Ես չեմ կարծում, որ ինչ-որ բանի համար արժե զղջալ: Չէ՞ որ ես չէի զբաղվում ինձ համար նոր և անհետաքրքիր աշխատանքով: Ես պատկանում եմ ինքս ինձ և անում եմ այն, ինչից գերագույն հաճույք եմ ստանում: Ես կարծում եմ, որ ամեն ինչ ընթանում է իր հունով և կատարվում է այն պահին, երբ մարդ պատրաստ է դրան: Այնպես որ, ընդհակառակը, ես ամեն օր շնորհակալություն եմ հայտնում ճակատագրին այս պարգևի համար: Եվ դժվարություններն ինձ ընդհանրապես չեն վախեցնում:
– Ընդամենը մեկ ամիս առաջ Փարիզում ներկայացրիք Ձեր դեբյուտային հավաքածուն: Համաշխարհային ճգնաժամի ժամանակ նման հավաքածուի ներկայացումը շատ համարձակ որոշում է: Ինչպե՞ս ընդունեցիք այդ համարձակ որոշումը:
– Անցյալ տարի մենք ստեղծեցինք իր տեսակի մեջ միակ կոշիկները` «Մոխրոտը» ֆիլմի համար. Disney ընկերությունը հրավիրել էր մասնակցել համաշխարհային 5 ապրանքանիշերի, բայց միայն մենք էինք ներկայացնում Ռուսաստանը: Դա շատ հաճելի էր: Կոշիկները բոլորին դուր եկան, և ես շատ պատվերներ սկսեցի ստանալ տարբեր երկրներից: Բոլոր պատվերները չէի կարող իրականացնել, ստիպված էի հրաժարվել: Բացառություն եմ արել մի հաճախորդի համար Սաուդյան Արաբիայից, ով մի ամբողջ հավաքածու էր պատվիրել իր աղջկա համար: Շատ քրտնաջան աշխատանք էր: Մի զույգ «մերկ» նավկոշիկի (лодочка) ստեղծմանը մասնակցում են 14 տարբեր գործարաններ. սա շատ ժամանակատար աշխատանք է, որը պետք է անընդհատ վերահսկվի, և ցանկալի է՝ անձամբ: Բայց, այնուամենայնիվ, դժվարություններն ինձ չէին վախեցնում և արդյունքում՝ ես որոշեցի ստեղծել կոշիկների սեփական հավաքածուն, որը մենք ներկայացրինք փարիզյան Les Suites խանութում:
– Կոշիկի դիզայներներից ո՞ւմ եք ցանկանում հավասարվել, ո՞վ է Ձեր կուռքը:
– Ես չեմ սահմանափակվում միայն կոշիկի բրենդերով, տաղանդավոր արվեստագետները շատ են, և նրանք բոլորն էլ արժանի են հարգանքի ու հիացմունքի: Բայց դժվարանում եմ մեկին առանձնացնել, իմ յուրաքանչյուր կուռքից ես սովորելու շատ բան ունեմ: Եվ, գիտե՞ք ինչ, շատ ուրախ եմ, որ ես էլ իմ ստեղծագործությամբ կարող եմ ոգեշնչել վարպետներին. մեր ապրանքանիշի որոշ տարրեր դարձել են համաշխարհային նորաձևության տրենդներ:
– Դուք ոչ միայն շատ տաղանդավոր դիզայներ եք, այլ նաև հրաշալի դստեր հայր: Ինչպե՞ս եք ժամանակ գտնում ընտանիքի համար:
– Ահա ևս մեկ պատճառ, թե ինչու եմ ես սիրում պատկանել ինքս ինձ. ոչ մի խնդիր՝ կապված աշխատանքի ժամանակացույցի հետ, միշտ կարելի է գործընթացն այնպես կազմակերպել, որպեսզի բավարար ժամանակ հատկացնես ընտանիքիդ:
Էմանուելը շատ խելացի է. դպրոց է հաճախում, երաժշտություն և անգլերեն է սովորում: Նա նաև հաճույքով հետևում է իմ աշխատանքին. երեխան դեռ շատ փոքր հասակից մեզ հետ այցելում էր գործարաններ:
– Ի՞նչն եք համարում Ձեր ամենամեծ մասնագիտական ձեռքբերումը:
– Դժվար է ասել: Երևի այսպես պատասխանեմ. ինձ՝ որպես ստեղծագործական անձի, աներևակայելի հաճելի է գիտակցել, որ իմ աշխատանքը պահանջարկ ունի: Մեր հավաքածուները բարձր գնահատականի են արժանացրել աշխարհի խոշորագույն խանութները: Հաճախորդները նույնպես սիրում են մեր արտադրանքը, գնում են և հաճույքով կրում: Դա հրաշալի է:
– Կարո՞ղ եք հիշել լավագույն խորհուրդը, որը Ձեզ տվել են կյանքում:
– Ինձ բախտ է վիճակվել ընկերություն անել մեծն Լյուդմիլա Մարկովնա Գուրչենկոյի հետ: Մի օր մենք թեյ էինք ըմպում նրա տանը, զրուցում էինք մեր ծրագրերի մասին, և նա ինձ ասաց. «Հիշիր, հաջողությունը չեն ներում»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը