Արա Աբրահամյանի փոխանցումը դեռ տեղ չի հասել
ԼՂՀ Կառավարության բացած հատուկ հաշվեհամարներին երեկվա դրությամբ փոխանցվել է շուրջ 4 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, եվրո, ռուբլի և դոլար, մասնակիցների թիվը գերազանցում է 2000-ը և հետզհետե ավելանում է: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը:
«Մենք հավատում ենք, որ մեր հայրենակիցները շարունակելու են աջակցել այս նախաձեռնությանը: Ես համոզված եմ, որ մեր գիտակցությանը պետք է հասնի այն, որ ամեն մարդ իր մասնակցությունը պիտի բերի: Եթե առաջնագծում այսօր հայ զինվորը, սպան, գեներալը մարտնչում են սահմանների պաշտպանության համար, թիկունքում հազարավոր հայորդիներ, ընտանիքներ իրենց աշխատանքն են կատարում, որպեսզի կարողանան ապահովել առաջնագծին, ապա մեր հայրենակիցները, որտեղ էլ որ գտնվելուց լինեն, պետք է նույնպես մասնակցեն, որ կարողանանք ապագա մարտահրավերին դիմակայել էլ ավելի ուժեղ, քան արեցինք այս 4-օրյա պատերազմի ժամանակ»,- ասաց Ա.Աղաբեկյանը:
ԼՂՀ փոխվարչապետը ֆեյսբուքյան իր էջում դիմել էր ՌԴ-ում ապրող 2 միլիոն հայերին` նշելով. «Հասկանում եմ, որ չեք ըմբոստանում, չեք խոսում (մանթրաշ եք), բայց չեմ կարծում, որ ձեզ խանգարում են, ձեր ձեռքը բռնում են ու չեն թողնում, որ դուք մասնակցեք Արցախի կառավարության նախաձեռնությանը: Արցախի կառավարության կոչին Ռուսաստանի Դաշնությունից արձագանքել է դեռ 30 մարդ: Ձեզ չեն հասկանա հայրենիքում, Ռուսաստանում ապրող արցախցիներ՝ ձեզ չեն հասկանում Արցախում: ԼՂՀ կառավարության կողմից սպառազինության ձեռք բերման համար բացված հատուկ հաշվի համարն է` 22300400153100 (ՌԴ ռուբլի)»:
Փոխվարչապետից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ արձագանք կա: «Առանձին չենք դիմել որևէ կազմակերպության ՌԴ-ից, ուղղակի, երբ ես տեսա առաջին երեք օրը մասնակցության չափը, անկեղծ ասած, չհավատացի և կոչով դիմեցի ՌԴ մեր հայրենակիցներին՝ ասելով, որ բացատրել հնարավոր չէ ձեր մասնակցության չափը, և ակնկալում ենք, որ մեր կոչը կընկալվի որպես կոչ, ոչ թե բողոք, և կարձագանքեն մեր հայրենակիցները: 12-ի դրությամբ ունենք 44 մասնակից, նախորդ օրը 30 մասնակից ունեինք: Հուսով եմ, որ մեր հայրենակիցները կգիտակցեն, որ այս պահին խոսել, պահանջելու ժամանակը չէ, պետք է համախմբվենք, որովհետև այս օրերին հակառակորդի գործողությունները ցույց տվեցին, որ մեր խրամատում կանգնած զինվորը խոցելի է, և պետք է գտնենք լավագույն պաշտպանության ձևը»:
Մեր դիտարկմանը, որ Ռուսաստանի հայերի միությունը հայտարարել էր, թե միության նախագահ Արա Աբրահամյանը 100 հազար դոլար է փոխանցել, արդյոք ստացե՞լ են այդ գումարը, Ա.Աղաբեկյանը պատասխանեց. «Ես դեռ չեմ տեսնում, փոխանցողների ցուցակներն անմիջապես տեղադրվում են Ֆինանսների նախարարության կայքում: Այս թափանցիկությունը նպաստելու է, որ վերջ տրվի ցանկացած ասեկոսեների: Վստահեցնում եմ, որ նույն թափանցիկությամբ մեր պատկան մարմինները գումարը ծախսելուց պետք է դրա հիմքերը համոզիչ փաստարկներով ներկայացնեն, որ կասկածների տեղիք չլինի: Այնպես որ, հայտարարելը մի բան է, անունը հայտնվելը՝ մեկ այլ բան է»:
Թե ինչի՞ կարիք կա Արցախում, Ա.Աղաբեկյանը նշեց, որ իրավիճակն այս օրերին խիստ տարբերվում է ապրիլյան առաջին օրերի դրությունից, օգնությունն ուղղորդված է, աջակիցները կոնկրետ դիմում են համապատասխան մարմիններին` թե´ ՊՆ, թե´ Ազգային անվտանգության, թե´ կառավարության ստեղծած օպերատիվ կառույցներին` բարձրաձայնելու թե ինչի կարիք կա Արցախում:
«Այս օգնությունը շատ կարևոր դեր խաղաց մեր կազմակերպչական և նյութական առումով: Շարունակում են շտապօգնության մեքենաներով, ամենագնացներով, տարբեր տեսակի սարքավորումներով օգնել մեր ԶՈՒ-ին: Սիրելի´ հայրենակիցներ, այդ ամենը կարևոր է, բայց ամենակարևորն արդիական զենքի և պաշտպանական համակարգերի, սպառազինության ձեռքբերումն է՝ պաշտպանության կազմակերպման առումով: Մնացածները յոլա կգնանք իրականում, այս պահին ամենակարևորը՝ պետք է համախմբվենք, որ ցույց տանք մեր թշնամիներին, որ համախմբվում ենք կոնկրետ նպատակի շուրջ, իսկ նպատակը մեկը պետք է լինի` արդիական սպառազինությունների ձեռքբերում»,- ասաց ԼՂՀ փոխվարչապետը: