«Թույլ չենք տա ոչ մի տարածքի հանձնում, թույլ չենք տա ռուսական խաղաղապահ ուժեր, դրանք պերմյակովներ են։ Թաթերդ հեռու Արցախից». բողոքի երթ՝ ընդդեմ ՌԴ վարած քաղաքականության

Այսօր Ազատության հրապարակից դեպի ՀՀ-ում Ռուսաստան Դաշնության դեսպանատուն իրականացվեց բողոքի երթ: Երթի մասնակիցները հանդես եկան հայտարարությամբ, որով Ռուսաստանից պահանջում էին` կատարել դե յուրե ռազմաքաղաքական դաշնակցի իր պարտականությունները, իր հետագա որոշումներում հարգել դե յուրե դաշնակցի՝ Հայաստանի անվտանգության և ազգային շահերը, անհապաղ դադարեցնել զենքի վաճառքը Ադրբեջանին։ Բողոքի ցույցի կազմակերպիչներից Դավիթ Սանասարյանն իր ելույթում նշեց, որ այսօր Լենինի արձանի տապալման օրն է ու նրա խոսքով`մի Լենին էլ Ռուսաստանն է, բայց ոչ արձանի տեսքով. «Մենք թույլ չենք տա ոչ մի տարածքի հանձնում, թույլ չենք տա ռուսական խաղաղապահ ուժեր, դրանք պերմյակովներ են։ Թաթերդ հեռու Արցախից»:

Այնուհետև ցուցարարները Ազատության հրապարակից շարժվեցին դեպի ՌԴ դեսպանատուն, իսկ երթուղին հետևյալն էր` Հյուսիսային պողոտա-Աբովյան փողոց- ՀՀ կառավարության շենքի մոտ մեկ րոպե կանգառ- Վազգեն Սարգսյան փողոց-ՌԴ դեսպանատուն:

Ամբողջ ճանապարհին ցուցարարները գործածում էին հետևյալ լոզունգները. «Մենք ենք տերը Արցախի», «Ո՛չ կեղծ դաշնակցին», «Ո՛չ փալաս իշխանություններին», «Որոշողը մենք ենք», և այլն: Ամբողջ ընթացքում ոստիկաններն ուղեկցում էին ցուցարարներին, իսկ ահա ՌԴ դեսպանատան մոտ ոստիկանները ոչ միայն այս ու այն կողմ հրեցին ցուցարարներին, այլև խոչընդոտեցին լրագրողների աշխատանքը: ՌԴ դեսպանատան դիմաց ոստիկանները ցուցարարներին ստիպեցին բաժանվել երկու մասի` պատճառաբանելով, թե փակում են հետիոտների համար նախատեսված անցումը: Իսկ լրագրողներին թույլ չտվեցին կատարել իրենց մասնագիտական պարտականությունները` խոչընդոտելով նրանց ազատ տեղաշարժը: Երկու մասի բաժանված ցուցարարներից մեկի մոտ հավաքված կազմակերպիչների հայտարարությունները տեսագրելու հնարավորություն այդպես էլ չունեցանք:

Քաղաքական վերլուծաբան Հովսեփ Խուրշուդյանն ու Դավիթ Սանասարյանը մետաղադրարմներ նետեցին ՌԴ դեսպանատան ուղղությամբ՝ այդպիսով իրենց դժգոհությունը հայտնելով այն փաստից, որ Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին ու չի սատարում իր ռազմավարական դաշնակցին: Իսկ ի պատասխան Դմիտրի Ռոգոզինի վերջին հայտարարության` Դավիթ Սանասարյանը ձու նետեց դեսպանատան ուղղությամբ: Հիշեցնենք, որ Ռուսաստանի փոխվարչապետ Դնիտրի Ռոգոզինն ասել էր.

«Այնտեղ դեմագոգիա է սկսվել ահավոր: Չեմ ուզում մատնացույց անել, բայց որոշ քաղաքացիներ իրենց լավ չպահեցին: Պատերազմը սառնասրտություն է պահանջում, ոչ թե ինչ-որ լղոզված քարոզչական փսլինքներ»:

Բողոքի երթին մասնակցում էին նաև Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր-ղեկավար Ստյոպա Սաֆարյանը, «Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանը, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել

Իոանիսյանը, որոնց հայտարարությունը տեսագրելու հնարավորություն չունեցանք` ոստիկանների «քաղաքակիրթ» պահվածքի պատճառով:

Տեսանյութեր

Լրահոս