Հայաստանը Ռուսաստանից իր հասանելիք «Սմերչն» է ուզում

ՀՀ կառավարությունը հիշել է Ռուսաստանի հետ կնքված 200 մլն դոլարի պետական արտահանման վարկ տրամադրելու համաձայնագրի մասին: Այն հրատապ կարգով Ազգային ժողով էր ներկայացվել և արտահերթ նիստում վավերացվել անցած տարի հուլիսի սկզբին: Եվ միայն հիմա է կառավարությունը գործնական քայլեր անում համաձայնագիրն իրականացնելու ուղղությամբ: Վաղը կառավարության նիստում կհաստատվի «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետության կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագրի դրույթներն իրականացնելու մասին որոշումը:

Ըստ այդմ՝ ՀՀ պաշտպանության նախարարությանը կհանձնարարվի հստակեցնել Հայաստանին մատակարարվող ժամանակակից սպառազինության և ռազմական տեխնիկայի անվանացանկը, ՌԴ համապատասխան մարմինների (այդ թվում՝ ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության Դաշնային ծառայություն և «ՌոսՕբորոնԷքսպորտ» ԲԸ) հետ քննարկել և ստորագրել տրամադրվող վարկի շրջանակներում ժամանակակից ռազմական նշանակության արտադրանքի մատակարարման պայմանագրերը՝ արտացոլելով մատակարարումների ծավալները, ժամկետները և գները:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալը հրապարակել էր Ռուսաստանի և Հայաստանի միջև 200 մլն դոլարի պետական արտահանման վարկի տրամադրման մասին համաձայնագիրը: Վարկը տրամադրվում է ռուսական ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների ֆինանսավորման համար:

Ըստ համաձայնագրի` Հայաստանը Ռուսաստանից գնելու է «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգի կայաններ` դրանց համար նախատեսված զինամթերքով, «Իգլա-Ս» համակարգի զենիթային հրթիռներ, «Ավտոբազա-Մ» կատարողական ռադիոտեխնիկական հետախուզության ցամաքային համալիրներ, ՏՕՍ-1Ա ծանր հրանետ համակարգեր` տրանսպորտային լիցքավորման մեքենաներով, 9Մ113Մ կառավարվող հրթիռներ, ՌՊԳ-26 հակատանկային ռեակտիվ նռնականետ, Դրագունովի դիպուկահար հրացաններ, «Տիգր» զարհամեքենաներ, ինժեներական և կապի միջոցներ:

Սպառազինությունների ցանկը կարող է փոխվել ՌԴ Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության և Հայաստանի պաշտպանության նախարարության միջև փոխադարձ գրավոր համաձայնությամբ:

Հայկական կողմը վարկը պետք է օգտագործի 2015-2017 թթ.: Վարկի մարումը սկսվելու է 2018թ. փետրվարի 15-ից և տևելու է 10 տարի` տարեկան 3% տոկոսադրույքով:

Տեսանյութեր

Լրահոս